Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազատ ապրելու իրավունք ունի այն ազատամարտիկը, որ կքծնի իշխանավորին» (տեսանյութ)

Հասարակություն
gagik-saruxanyan

Հայոց բանակի օրը ազատամարտիկներից շատերը լիաթոք չեն ուրախանում. «Բանակաշինության մեջ մեծ քարը դրած անձնավորությունն այսօր անմեղ տեղը գտնվում է բանտում, ես նկատի ունեմ Վոլոդյա Ավետիսյանին»,- ասում է ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը: Նա ընդգծում է՝ խարդախության համար մեղավոր ճանաչված եւ 6 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկն այսօր կալանավայրում է իր քաղաքացիական դիրքորոշման պատճառով: «Իրեն ուղղակի ասեցին, որ ոչ ազատամարտիկը իրավունք չունի ազատ ապրելու իր երկրում: Իրավունք ունի ազատ ապրելու այն ազատամարտիկը, ով կքծնի իշխանավորին, ով չի ապստամբի: Բոլորդ պետք է լինեք գորշ մկնիկներ, քծնեք, լավ, ուրեմն մի փոքր բարեկեցություն կունենաք, ճիշտ հարցեր կբարձրացնեք կամ այլ ձեւի կմտածեք ընդհանրապես ուրեմն կհայտնվեք բանտում, կամ կարող է ավելի վատ լինել»,- ասում է Գագիկ Սարուխանյանը: Ազատամարտիկ 66-ամյա Լեւոն Կարապետյանը բարձրաձայնում է իր եւ մարտական ընկերների սոցիալական վատ վիճակի մասին: Ինքն, օրինակ, վթարային շենքում է բնակվում։ «Հիմնական խնդիրը պետության անտեսված վիճակն է, բարձիթողի վիճակն է»: Նրան հատկապես ցավ է պատճառում այն հանգամանքը, որ մեդալներ են շնորհվում ռազմի դաշտում երբեւէ չեղած անձանց: «Մի հատ մասնակցի մեդալ ունեմ, 10 հազար դրամ գումար էին տալիս, ստիպված այդ մեդալը ես վերցրեցի, որ գնայինք նշեինք, թե չէ այդ մեդալը ես իրավունք չունեի վերցնելու, եթե այդ մեդալը ստանում է մի անձ, որը Մոսկվայում է ապրում եւ նույնիսկ Ղարաբաղի տեղը չգիտի»: Հաշմանդամության կարգ ունեցող ազատամարտիկն ապրում է 84 հազար դրամ թոշակով: Սակայն հույս ունի, որ մի օր պետությունը կհիշի եւ կգնահատի իրենց: