Հայաստանը չի ապահովել կենդանիների հինգ ազատությունները (տեսանյութ)
«Գյումրու կենդանաբանական այգին, որը նույնիսկ այգի չէ, խայտառակում է մեր երկիրը». այսօր «Մեդիա կենտրոնում» այս թեմայով կայացած քննարկման ժամանակ ասաց «Փրո փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը: Նա նշեց, որ տարիներ առաջ իրենք դիմել են կառավարությանը՝ հատուկ օրենսդրական նախագծով, որով նախատեսված է ոչ միայն սահմանել մարդ-կենդանի հարաբերությունների նորմերը, այլեւ արգելել ֆիզիկական անձանց, անհատ ձեռներեցներին նման գործունեությամբ զբաղվել, սակայն մինչ օրս ոչ մի քայլ չի ձեռնարկվել այդ ուղղությամբ: Քննարկմանը ներկա Գյումրու քաղաքապետարանի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը նշեց, որ քաղաքապետարանը դեռ նախորդ տարվա հոկտեմբերից է տեղյակ կենդանաբանական այգու կենդանիների վիճակի մասին. «Հոդվածից հետո առաջին արձագանքողը եղել է քաղաքապետարանը, որը զանգահարել էր մասնավոր սեփականատերին եւ առաջարկել իր օգնությունը: Այնտեղից ասել էին, որ կուզենային տեղափոխել կենդանիներին, բայց այդ հարցը ձգձգվեց, որովհետեւ, չնայած քաղաքապետարանի հետեւողականությանը, սեփականատերն անընդհատ ասում էր, որ բանակցությունների փուլում են, փորձում են որոշել, թե ուր են տեղափոխելու կենդանիներին եւ այլն»: Հարցին, թե գուցե պետք էր, որպեսզի քաղաքապետարանը նախաձեռնող լիներ, հոգ տաներ կենդանիների գոնե սննդի համար, Սոնա Առաքելյանը պատասխանեց. «Քաղաքապետարանն այդքան միջոցներ չունի, որպեսզի հոգ տանի կենդանիների մասին: Նրանց միայն Երեւանի կենդանաբանական այգի տեղափոխելու համար պահանջվել է 5 միլիոն դրամ, որը քաղաքապետարանը չունի»: Սրան ի պատասխան՝ Նարե Արամյանը նշեց, որ սա ընդհանրապես քաղաքապետարանի գործը չէ. «Չի կարող տեղի ինքնակառավարման մարմինը պատասխանատվություն կրել մի բանի համար , որը չի կարող լինել իր պատասխանատվության տակ: Սա միայն ԱԻՆ-ի, ներքին գործերի եւ բնապահպանության, մասամբ էլ՝ գյուղնախարարության համագործակցության արդյունքում պետք է լուծվի»: Այնուամենայնիվ, ի՞նչ ճակատագիր է սպասվում Գյումրու կենդանաբանական այգու 2 արջերին եւ 3 առյուծներին: Կենդանաբույժների համաշխարհային ծառայության միջազգային բաժնի ղեկավար (WVS) Տագմար Մայերը նշում է. «Պետք է անդրադառնամ նախ կենդանիների առողջական վիճակին: Արջերից մեկը շուտով կսատկի, եթե չստանա համապատասխան բուժօգնություն: Հայաստանը չի ապահովել կենդանիների հինգ ազատությունները, որոնք նրա միջազգային պարտավորություններից են ՄԱԿ-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության առջեւ, իսկ կենդանապաշտպան կազմակերպությունները պետք է համախմբվեն եւ նախագիծ մշակեն, որպեսզի կենդանիները տեղափոխվեն այլ երկիր»: Ի դեպ, դրանից անմիջապես հետո կենդանաբանական այգին կդադարի գործել, վստահեցրեց Նարե Արամյանը: