Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մատյան ողբերգության»-ը հնչել է նաև կալանավայրերում (տեսանյութ)

Մշակույթ
kalanavayr

Այսօր Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ «Նարեկացու լույսը» խորագրով միջոցառումը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթամատյանի ձայնասկավառակը՝  ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, երջանկահիշատակ Սոս Սարգսյանի ընթերցմամբ: «Մատյան ողբերգության» աղոթամատյանը ձայնագրելու և ձայնասկավառակի տեսքով այն հասարակության լայն շետին ներկայացնելու գաղափարը ծնվել է դեռևս 1998թ-ին և կյանքի է կոչվել նախագծի հեղինակ և տեքստի խմբագիր Անահիտ Դավթյանի ջանքերով: Վերջինս «Ա1+»-ի հետ զրույցում նշում է. «Համոզված եմ, որ Նարեկացու լույսը այստեղ ներկա գտնվող բոլոր մարդիկ կտանեն իրենց հետ և այն կբուժի իրենց հոգու և մարմնի բոլոր ցավերը: Նարեկացին իր Մատյանի համարյա բոլոր գլուխներում մարդասիրություն է  աղերսում  Աստծուց: Համոզված եմ, որ եթե աշխարհի բոլոր մարդիկ Աստծուց միայն մարդասիրություն աղերսեն, ապա կդադարեն բոլոր պատերազմները և այլևս երբեք չեն կրկնվի»: Նախաձեռնությունն առաջին անգամ չէ, որ իրականացվում է: Տիկին Դավթյանի տեղեկացմամբ՝ մի քանի ամիս առաջ էլ նույն խորագրով գիտաժողով են իրականացրել: «Մտադիր եմ ծրագիրը շարունակական դարձնել: Ձայնասկավառակը  ունենք անգլերեն և հայերեն տարբերակներով, հիմա արդեն պատրաստ է ձայնասկավառակի նաև ռուսերեն, գերմաներեն և  պարսկերեն տարբերակները, որպեսզի ձայնագրենք: Նպատակը, իհարկե, ձայնասկավառակի միջոցով մարդուն ուղղորդելն էր դեպի գիրքը՝ «Մատյան ողբերգության» աղոթամատյանը, բայց ուզում եմ նշել, որ այն հնչել է նաև տարբեր կալանավայրերում և բոլոր այն օջախներում, որտեղ մարդը խիստ կարիք ունի ինքնակատարելագործվելու»,-ասաց նա: Միջոցառման ընթացքում ցացադրվեց նաև ֆունդամենտալ դաշտի տեսության հեղինակ,պրոֆեսոր Հովհաննես Դավթյանի կարճամետրաժ ֆիլմը: