Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՀ-ն «ԲԱՆԿՐՈՏԻ՞» Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ԵՐԿՐՆԵՐԻՆ

Տնտեսություն

«Ինչո՞ւ դրամի արժեւորմանը զուգընթաց` նկատվում է ոչ թե գների նվազում, այլ աճ».« Օրինաց Երկիր » խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը այս հարցը մի քանի անգամ բարձրացրեց գնաճի վերաբերյալ ԱԺ լսումների ժամանակ ու այդպես էլ չստացավ պատասխան:

Սպառողական գների ինդեքսի վերաբերյալ հիմնական զեկուցող ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանն այդպես էլ չէր հասկանում Սամվել Բալասանյանի հարցի իմաստը եւ անընդհանտ այլ պատասխան էր տալիս` խորհուրդ տալով կարդալ այսօր ԱԺ-ում ներկաներին բաժանված հատուկ գրքույկները: «Վայ Աստված, հայցում եմ Ձեր ներողամտությունը: Այստեղ 20 միլիոն տվյալ կա: Իմ կարողություններից վեր է այդ ամբողջը հիշելը, ֆայլերն էլ դանդաղ են շարժվում»,- այսպիսի բացատրություն տվեց պարոն Մնացականյանը: Նա էր ընտրված հիմնական զեկուցող, քանի որ սպառողական գների ինդեքսի մեթոդաբանության մշակումը եւ հաշվարկը կատարվում է Ազգային վիճակագրական մարմնի կողմից:

Ըստ պարոն Մնացականյանի` ուսումնասիրություններում ընդգրկված է 400 ապրանք-ծառայութուն: Սպառողական գների ինդեքսը չի ներկայացնում ընդհանուր գնաճի չափը, քանզի այն որոշում է միայն տնային տնտեսությունների կողմից գնված սպառողական ապրանքների եւ ծառայությունների գների փոփոխությունները:

Ստեփան Մնացականյանի համար այսօր դժվար էր նաեւ պատասխանել մի շարք այլ բարդ հարցերի, օրինակ` որքա՞ն է ՀՀ սպառողական զամբյուղի չափը: Ներկայումս սպառողական զամբյուղն ուսումնասիրվում է նոր մեթոդաբանությամբ: «Նախկինում սպառողական զամբյուղը կազմել է 29000 դրամ, բայց հիմա այն ավելի մեծ է», - սա էր պարոն Մնացականյանի պատասխանը:

«Արդարություն» խմբակցության պատգամավոր Թաթուլ Մանասերյանի պնդումներին ի վերջո Ստեփան Մնացականյանը պատասխանեց, որ իրենք սպառողական զամբյուղը կազմում են ըստ 2 տվյալի` կալորիականության եւ ընդհանուր: Նա պատասխանեց, որ նվազագույն սպառողական զամբյուղը 2005 թվականի 4-րդ եռամսյակի տվյալներով 1 անձի համար ամսական կազմել է 29 823 դրամ: Համեմատության համար ասենք, որ 96 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին այդ տվյալը եղել է մոտ 16 280 դրամ:

Գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներն առայժմ չեն արդարացրել պատգամավորների սպասելիքները: Նրանք հստակ պատասխաններ չեն ստանում իրենց հուզող հարցերի վերաբերյալ: Թաթուլ Մանասերյանը լրագրողներին ասաց, որ առաջիկայում հանդես է գալու նոր լսումներ կազմակերպելու առաջարկությամբ: «Եթե դուք ուշադիր նայեք, թե ինչ է ֆիքսած բյուջեում ամեն տարի եւ դրանից ինչ մեծ շեղումներ են տեղի ունենում, դրա համար մեծ պատասխանատվություն պետք է կրի այս քաղաքականություն իրականացնողը: Եթե արհեստականորեն այսպիսի մեզ համար ոչ կիրառելի մեթոդաբանություն չընդունվի, դրա տակից, կոպիտ ասած, դուրս չեն գա պետական չինովնիկները»,- ասաց պարոն Մանասերյանը` նշելով, որ սխալ է միայն գնաճի վերաբերյալ լսումներ կատարելը, քանի որ գնաճը տնտեսական քաղաքականության հետեւանք է:

Պարոն Մանասերյանի կարծիքով ճիշտ չէ նաեւ Հայաստանի կողմից ուսումնասիրությունները Արժույթի Միջազգային Հիմնադրամի մեթոդաբանությամբ անցկացնելը, քանի որ. «ԱՄՀ-ի մոդելների պատճառով շատ երկրներ բանկրոտի են ենթարկվել»:

Այսօր գնաճի վերաբերյալ լսումների երկրոդ մասում ելույթ է ունենալու եւ պատգամավորների հարցերին է պատասխանելու նաեւ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: