ՈՒԵՖԱ-ն պատասխանել է սերբական լրատվամիջոցներին
«ՈՒԵՖԱ-ն ուշադիր հետեւում է իր անդամ 54 երկրների ազգային հավաքականների եւ առաջնությունների խաղերին: Դա մոտ 32 հազար խաղ է տարեկան: Եթե մենք դրանց հետ կապված որեւէ կասկած ենք ունենում, ապա սկսում ենք հետաքննություն անցկացնել: Դա վերաբերում է նաեւ ձեր մատնանշած հանդիպմանը», - այսօր ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես պատասխանել է սերբական լրատվամիջոցներին: Բանն այն է, որ այդ երկրի ԶԼՄ-ները վերջերս անընդհատ մեղադրում են Ալբանիային Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին կաշառելու եւ իրենց ձեռնտու արդյունք ապահովելու համար: Սերբական «Կուրիր» թերթը անգամ նշել է, որ ինքնուրույն հետաքննություն է անցկացնելու այդ կապակցությամբ: ՈՒԵՖԱ-ն դեռեւս պաշտոնական հայտարարություն չի կատարել Հայաստան – Ալբանիա խաղը հետաքննելու կապակցությամբ, քանի որ սերբական լրատվամիջոցները ծանրակշիռ փաստեր եւ ապացույցներ չեն ներկայացրել: