Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոչ՝ ներկայանալ դատարան. կընթերցվի Հայկ Կյուրեղյանի գործով մեղադրական ճառը (տեսանյութ)

Հասարակություն
shant-krakox1

Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վաղը կընթերցվի Հայկ Կյուրեղյանի գործով մեղադրական ճառը։ Հայկ Կյուրեղյանը մեղադրվում է նախորդ տարվա հունիսի 12-ին նույն դատարանի մոտ օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ «վտանգավոր բռնություն» գործադրելու մեջ։ Այդ օրը մեկնարկելու էր «Շանթ Հարությունյան եւ ընկերներ»-ը գործով դատական առաջին նիստը։ Հայկ Կյուրեղյանը չի մասնակցում իր գործով   դատական նիստերին։ Դատավոր Արմեն Բեկթաշյանը նրան հեռացրել է նիստերի դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար։ «Եթե նա ոտքի չի կանգնում, ուրեմն չի հարգում դատարանին։ Փաստորեն դու նրան զրկում ես պաշտպանվելու իրավունքից։ Դատարանին հարգելը ստիպողաբա՞ր է»,- հարց է տալիս «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարուխանյանը։ Նրա խոսքերով՝ դատավորը բոլորին հեռացնում է նիստերի դահլիճից, ովքեր փորձում են մի կարծիք հայտնել կամ ռեպլիկ են թողնում. «Թող դատավորը այնպիսի հունով տանի, որ զայրույթ չառաջացնի, ասում է՝ հավի պես եկեք նստեք, ձեր աչքի առաջ ինչ կանենք, ձայն չհանեք»։ Դատավոր Արմեն Բեկթաշյանը նիստերի դահլիճից ժպտալու համար հեռացրել է նաեւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավապաշտպան Նելլի Հարությունյանին։ Գագիկ Սարուխանյանը բոլորին կոչ է անում վաղը ներկայանալ դատարան։ Նա հիշեցնում է, որ նորմալ երկրներում տուգանքով Հայկ Կյուրեղյանին ազատ կարձակեին, իսկ այսօր նրան սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում։