«Երկիրն իր իսկ ներսում ինքն իր ժառանգությունն է քանդում»
ՅՈՒՆԵՍԿՕ-ն միակ միջազգային կառույցն է, որը պաշտպանում է մշակույթի շահերը միջազգային ասպարեզում: Այսօր «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսին հայտարարեց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ըստ նրա՝ մենք պետք է օգտվենք առիթից՝ ներկայացնելով այն խնդիրները, որ այսօր գոյություն ունեն. «ՀՀ-ն միացել է յոթ մշակութային կոնվենցիաներից հինգին եւ չորսի մասով վերջին տարիներին պարբերաբար զեկույցներ են պատրաստվել, որոնց նախապատրաստման ընթացքում առնչվել ենք մի շարք խնդիրների: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածաշրջանում պատմամշակութային ժառանգության հետ կապված խնդիրներ են առաջացել, մենք այդ ամենը որոշեցինք մեկտեղել մեկ կոնֆերանսի շրջանակներում: Կարծում եմ՝ այստեղ կքննարկենք և՛ կիրառվող դրույթների կոնվենցիաները, եւ կոնֆլիկտները, որոնք ընկած են մշակութային ժառանգության պահպանման հիմքում, ինչպես նաև բոլոր նախարարները կներկայացնեն իրենց մշակութային քաղաքականությունը եւ կմեկտեղենք այն ընդհանուր եզրույթները, որի հիման վրա կնախապատրաստվի պատմամշակութային քաղաքականությունը 2015թ. հետո»: Հազարամյակի մարտահրավերների շարքում, ըստ նրա, մշակույթի տարրն ընդհանրապես գոյություն չուներ, եւ 2012թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն սկսեց ահազանգել՝ կարեւորելով մշակույթի դերը. «Արձագանքելով՝ ՀՀ կառավարությունը մշակույթի գործոնը ներառեց իբրեւ երկրի զարգացման որպես կարեւոր գործոններից մեկը: 2013թ. այդ ոլորտը ընդգրկված է տնտեսական աճի ցուցանիշների մեջ: Մենք կունենանք նիստ, որից սպասելիքներն անշուշտ մեծ են»: Նախարարը նշեց, որ բոլոր երկրները կոնվենցիաներով ստացել են պարտավորություններ, բայց ոչ բոլոր երկրներն են, որ հետևում են կոնվենցիաներին, եւ հարց է, թե ինչ ձևով են կիրառվում պատժամիջոցները. «Մասնավորապես հարցն այն է, որ երկիրն իր իսկ ներսում ինքն իր ժառանգությունն է քանդում: Մեր օրինակի պարագայում, մյուս հարևան երկրում քանդում են մեր ժառանգությունը, եւ այստեղ պատժամիջոցներն ո՞ւմ դեմ են կիրառվում, այսինքն լուրջ քննարկումների հարց կա: Կարծում եմ՝ պատահական չէ, որ վերջին երեք ամիսների ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ն կլոր կոնֆերանսներ է գումարել եւ վերջին կոնֆերանսի ժամանակ շատ ավելի տագնապալի հնչեց այսօրվա իրավիճակի վերաբերյալ: Չեմ կարծում, որ վերջնական ձևակերպումներ կտանք այս կոնֆերանսի շրջանակում, բայց, այնուհանդերձ, ինչ-որ մի եզրակացության կգանք»: