«Բնակչության թիվ մեկ մարտահրավերը արժեքների դեգրադացումն է» (տեսանյութ)
Երկիր մոլորակի բնակիչ հայաստանցու համար գլոբալ առումով առկա է նույն մարտահրավերը, ինչ ամերիկացու։ Բայց փոքր տարածք ու սահմանափակ ռեսուրսներ ունեցող Հայաստանի համար առավել կարևոր է ճիշտ դիմագրավել բնակչության առջև ծառացած հիմնական մարտահրավերներին։ Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Հայաստանում թիվ մեկ մարտահրավերը համարում է արժեքների դեգրադացումը, որից էլ բխում են մնացյալ խնդիրները։ «Հայաստանում առկա է ծնելիության նվազում, երեխաների կրթության ու դաստիարակության շատ կարևոր բացթողում և իհարկե՝ կարևոր մարտահրավեր է արտագաղթը, որ իր հետևից և իր հետ տանում է բնակչության ավելի կառուցողական, ամուր, հետևողական, նախաձեռնողական՝ տղամարդկայի՛ն մասին, իսկ Հայաստանը մեծ հաշվով տղամարդկային արժեքների երկիր»։ Արտագաղթը սրացրել է այն հետեւանքները, որոնք ծառացել են վերջին քսանամյակում Հայաստանի առաջ փաստացի պատերազմի եւ բնական աղետների պատճառով։ Նաև այն, որ երիտասարդների թիվը անընդհատ նվազում է։ «Որքան էլ տարօրինակ լինի՝ կյանքի միջին տևողությունը Հայաստանում չի նվազել։ Մի կողմից սա նշանակում է որոշակի կենսունակություն, մյուս կողմից էլ դարձյալ դառնում է մարտահրավեր, որովհետև դա սոցիալական բեռ է։ Պատերազմից և աղետից հետո նաև ֆիզիկական հաշմանդամության մեծ տոկոս ունենք, այսինքն՝ տարիքային չի մեր սոցիալական բեռը, և շատ մեծ թիվ են կազմում ընտանիքներում ծանր հիվանդություն ունեցող երեխաները»։ Երկրագնդի բնակչության համար մարտահրավեր է ծնելիության աճի նվազումը, երիտասարդների պոտենցիալի ոչ ճիշտ օգտագործումը և բնակչության ծերացման խնդիրը։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը սրանք հետևանք է համարում ընդամենը։ «Առաջին ու հիմնական մարտահրավերը երկրագնդի բնակչության համար շրջակա միջավայրի վրա մարդու ազդեցության հետևանքներն է, որոնք բերում են գլոբալ տաքացման, բերում են տարբեր բնածին աղետների, նաև որոշակի հիվանդությունների արտահայտման և նոր տեսակի հիվանդությունների առաջացման»։ Փաստարկները, թե երկրագնդի բնակչությունը մոտակա տարիներին կսպառի ամբողջ ռեսուրսները ու կկանգնի խորը ճգնաժամի առաջ, փորձագետը ռեալ չի համարում։ Չնայած յուրաքանչյուր տարի բնակչության թիվն ավելանում է 78 մլն-ով «Ռեսուրսները չեն կարող լինել անսահմանափակ, բայց տարբեր հաշվարկներով մեր մոլորակը ի վիճակի է, եթե ճիշտ օգտագործվեն ռեսուրսները, սպասարկել 10-ից 12 միլիարդ բնակչության։ Մյուս կողմից՝ աշխարհի բնակչության թիվը կհասնի մինչև 9.5 միլիարդ և դրանից հետո կսկսի նվազել»։ ՄԱԿ-ի օրացույցում բնակչության համաշխարհային օրը հուլիսի 11-ն է։ Ավելին՝ տեսանյութով