Դատապարտյալին առաջարկվել է հացադուլը դադարեցնել
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հերքում է տարածված բողոքը, թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավորին պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում։ «Դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Կալանավորն այժմ բուժմասում է և բժշկական հսկողության ներքո է»,-շեշտեց նա։ Հիշեցնենք, որ այսօր Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Արման Վեզիրյանը տեսակցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Հրաչյա Գևորգյանին, որը իրավապաշտպանին հայտնել է, որ այսօրվանից հացադուլ է սկսել, քանի որ քրեակատարողական հիմնարկը կրկին բուժում չի իրականացնում, բողոքները մնում են անպատասխան։ Գոռ Ղլեչյանը հաստատեց, որ կալանավոր Գևորգյանը դիմում է գրել՝ հացադուլ սկսելու մասին։ «Սակայն բժիշկները հորդորում են նրան ետ կանգնել այդ մտքից, քանի որ հացադուլը համատեղելի չէ իր առողջական վիճակի հետ։ Բայց որոշողն ինքն է»,-եզրափակեց պարոն Ղլեչյանը։