10 -ամյա բոստոնցի աղջնակը բարեգործություն է անում Սիսիանում (տեսանյութ)
Այս տարի ամառային հանգստյան օրերը Հայաստանում անցկացնելու որոշում է կայացրել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում բնակվող Լոլիտա Բաքլի Խաչատրյանը: 10 -ամյա աղջկա մայրը հայ է, արմատներով Սիսիանից: Լոլիտան սպորտի, պարի, երաժշտական դպրոցներ է հաճախում, նաեւ նկարահանվում է ամերիկյան ֆիլմերում:
Աղջնակը որոշել է իր վաստակած հոնորարներով աջակցել Հայաստանում գործող մանկապարտեզներին ու մանկատներին: Լոլիտա Խաչատրյանի առաջին աջակցությունը եղավ Սիսիանի N 3 նախակրթարանին՝ խաղալիքների տեսքով:
Լոլիտայի այցը անսպասելի էր նախակրթարանի համար, բայց եւ հաճելի: Երեխաների անկեղծ ժպիտն ու շնորհակալական խոսքերը հուզել էին աղջկան:
«Մանկապարտեզի 4 խմբերը համալրվեցին մտավոր, կառուցողական եւ շատ այլ խաղալիքներով: Ես իմ ու իմ կոլեկտիվի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Խաչատրյանների ընտանիքին եւ մասնավորապես 10-ամյա Լոլիտային՝ իր խնայած գումարներով բարեգործություն անելու համար: Թող Աստված միմիայն հաջողություններ պարգեւի աղջկան, որ նա կարողանա նոր ու անսպասելի նախաձեռնություններով հանդես գալ»,- ասում է թիվ 3 նախակրթարանի տնօրեն Լիանա Գրիգորյանը:
Աղջիկը որոշել է այս այցի շրջանակում անհրաժեշտ պարագաներ եւ իրեր նվիրել նաեւ Երեւանում գործող որեւէ մանկատան:
Իր արմատներով հպարտացող Լոլիտան պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում էլի աջակցել Սիսիանում գործող մանկապարտեզներին:
Թեպետ նա ԱՄՆ-ում է ծնվել, բայց իր հոգեւոր մկրտությունը ստացել է Հայաստանում:
Արմեն Հովակիմյան, Սիսիան