Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաքվում հնարավոր չէր շատ մեդալներ նվաճել

Սպորտ
sport-baxdatyan

«Եվրոպական խաղերը եթե անցկացվեին ոչ թե Ադրբեջանում, այլ մեկ այլ երկրում, ապա մենք ավելի շատ մեդալներ կնվաճեինք: Սակայն Բաքվում դա հնարավոր չէր, քանի որ այնտեղ մեծ էր լարվածությունը եւ հոգեբանական ճնշումը», - այսօր «Անդրադարձ» նորաբաց մամուլի ակումբում կազմակերպված ասուլիսում ասաց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը: Նա նաեւ նշեց, որ մրցավարներն ավելի հաճախ էին սխալներ թույլ տալիս մեր ըմբիշների նկատմամբ. «Մրցամարտից հենց անցնում էր մեկ րոպե, մրցավարները, կարծես ձայն ձայնի տված, անպայման զգուշացնում էին մեր ըմբիշներին: Այդ մեկ-երկու միավորներն ի վերջո ազդում էին վերջնական ելքի վրա»: Գնահատելով իր կողմից ղեկավարված հավաքականի ելույթին, Արայիկ Բաղդատյանը նշեց, որ իր սպասելիքները որոշ չափով արդարացրեց ծանր քաշային Լեւան Բերյանիձեն. «Նա հաղթեց աշխարհի հնգակի չեմպիոնին Գացալովին, բայց 3-րդ տեղի համար պայքարում զիջեց իր հայրենակցին` վրացի ըմբիշին: Մեր մյուս 5 ըմբիշները հոգեբանորեն պատրաստ չէին այս մրցումներին: Սակայն, ես արդեն նշել էի, որ եվրոպական խաղերը մեր համար նախապատրաստական փուլ էր աշխարհի առաջնությունից առաջ, ուստի այս արդյունքը լուրջ ձախողում չեմ համարում»: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կարճատեւ հանգստից հետո կսկսի պատրաստվել ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա սեպտեմբերին, Լաս Վեգասում: Մեր ընտրանին մինչեւ մրցումերի մեկնարկը ուսումնամարզական հավաքներ կանցկացնի Ծաղկաձորում, Ռուսաստանում, Վրաստանում եւ ԱՄՆ-ում: Հավաքականի վերջնական կազմը հայտնի կդառնա օգոստոսի կեսերին: