Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քյաբաբային» մթնոլորտը փոխվել է ստեղծագործականի (տեսանյութ)

Հասարակություն
Kons

2013 թվին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան 179 դիմորդ է ունեցել, 2014-ին՝ 143։ Իսկ այս տարի քննությունների առաջին փուլից հետո նրանք 113-ն են։ Հաստատության ռեկտոր Շահեն Շահինյանը վստահեցնում է, որ երաժշտական բուհը շարունակում է բնականոն աշխատանքը։ Իսկ խոսակցություններին, որ բուհի շենքը կարող է վաճառքի հանվել, այսպես է արձագանքում. «Կոնսերվատորիայի շենքը չի վաճառվել, չի էլ վաճառվելու։ No comment է դա»։ Կոնսերվատորիայում սովորելու համար միջինում պետք է 700-800.000 դրամ վճարել։ Ռեկտորն ասում է՝ ուսուցումը հիմնականում անհատական է կազմակերպվում, այդ իսկ պատճառով դասախոսների թիվն է մեծ։ Ներկայում 460 դասախոս կա, 970 ուսանող։ Թեև պետությունը տարեկան 1,4 մլն դրամ է հատկացնում, սակայն ֆինանսական խնդիրներ կան և նաև՝ դասախոսների մեծ թվից ելնելով՝ նրանց աշխատավարձն այնքան էլ բարձր չէ։ Սակայն որոշ աշխատակիցներին հասանելիք գումարն, այնուամենայնիվ, բարձրացել է։ «Եթե 5 տարի առաջ 80.000 դրամ էր ստանում պրոռեկտորը, ապա այժմ 260.000 է ստանում»։ Ամենամեծ պահանջարկը շարունակում է վայելել դուդուկի բաժինը։ Իսկ արդյո՞ք մնացյալ ազգային նվագարանները կանգնած են վերացման առջև, ինչի մասին դեռ Խորհրդային ժամանակներից է խոսվում, կոնսերվատորիայի ռեկտորի խոսքով՝ նման բան չկա։ «Ես հասկանում եմ, թե ով ինչ պատճառով է Խորհրդային շրջանում այս մասին խոսել։ Ունեցել ենք 4, 5 նվագարանների համույթներ, որոնք պետության կողմից ֆինանսավորվել են, հետո սկսել են չֆինանսավորվել, դա է բերել նրան, որ մարդիկ անհանգստացել են։ Հիմա էդ կոլեկտիվները կան, աշխատում են։ Վտանգ չունենք»։ Պարոն Շահինյանը վստահեցնում է նաև, որ ասպարեզում երևացող երգիչ-երգչուհիներն, ովքեր Կոնսերվատորիայի ուսանող են, պարտաճանաչ հաճախում են դասերին։ Բայց բուհի ղեկավարությունը հարգում է վերջիններիս զբաղվածությունը և այնքան խիստ չէ բացակայությունների հանդեպ։ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն էլ իր հերթին նշեց, որ բոլոր ժամանակներում կան տաղանդներ, որոնց բացահայտում է նաև Կոնսերվատորիան։ Նա շեշտեց նաև, որ իր ղեկավարած միությունը մինչ այժմ պաշտոնական կայք չուներ։ «Ես եմ բացել կայքը և երկու, երեք աշխատողով այն պահում ենք։ Տեղադրվում են համերգների, մրցույթներում մասնակցություն ունեցած հայ կատարողների մասին տեղեկություններ»։ «Ա1+»-ի հարցին ի պատասխան, թե փոխվե՞լ է արդյոք Կոմպոզիտորների միության նախկին նախագահի ժամանակ շահարկվող «քյաբաբային» մթնոլորտը, պարոն Սաթյանը նշեց. «Կարծում եմ՝ որ գաք, կտեսնեք։ Այժմ միությունում ստեղծագործական, աշխատանքային մթնոլորտ է»։