Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակնկալում են, որ մեղադրանք կառաջադրվի Ֆիլարետ Բերիկյանին

Հասարակություն
filaret

Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում չարաշահումների մասին հաղորդում ներկայացրած անձինք պահանջում են, որպեսզի գործն արագ ուղարկվի Հատուկ քննչական ծառայություն և մեղադրանք առաջադրվի նաև Աշխատանքի ու սոցիալական ապահովության փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանին: Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում չարաշահումների վերաբերյալ քրեական գործը հարուցվել է մամուլի հրապարակումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում։ Փաստաբան Տիգրան Հայրապետյանն ու Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը ակնկալում են, որ մեղադրանք կառաջադրվի նաև փոխնախարարի դեմ, ով համակարգում է երեխաների սոցիալական պաշտպանության ոլորտը։ Այդ մարդու նկատմամբ, ըստ նրանց, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն՝ պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Այս մասին նրանք հայտնել են «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Փաստաբան Հայրապետյանը համոզված է՝ փոխնախարարին պետք է մեղադրանք առաջադրվի ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Ըստ նրա՝ պետական բյուջեից ամեն տարի Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցին հատկացվում է 113 մլն դրամ, որից 55 մլն-ը հիշյալ գործի տվյալներով յուրացվել է: