Արա Զոհրաբյանը դժգոհ է եռաստիճան դատական համակարգի գործունեությունից (տեսանյութ)
ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի ժամանակ այսօր Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ելույթում ներկայացրեց օրենսդրական փոփոխությունները, որոնք իրենց դրական ու բացասական ազդեցությունն են ունեցել փաստաբանների վրա։ Օրինակ՝ արգելվեց խուզարկել փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, արգելվեց առգրավել տեղեկատվական կրիչները: Պարոն Զոհրաբյանը խոսեց նաև փաստաբաններին տրվող, այսպես կոչված, իմունիտետի մասին, որի համաձայն՝ փաստաբաններին չի կարելի որպես վկա հարցաքննել: Որպես դրական գործոն՝ նա կարևորեց նաև Հանրային պաշտպանի ինստիտուտը, որը գործում է փաստաբանների պալատի կազմում. հանրային պաշտպանների հետ կնքվում են աշխատանքային պայմանագրեր, նրանք վարձատրվում են Երևանի դատախազի աշխատավարձի չափով. «Նախկինում միայն քրգործերով էին տրամադրվում հանրային պաշտպաններ, իսկ 2012թ. օրենսդրական փոփոխությունից հետո բոլոր գործերով տրամադրվեց իրավական անվճար օգնություն»: Իբրեւ բացասական դրսեւորումներ՝ Արա Զոհրաբյանը հիշատակեց եռաստիճան դատական համակարգը՝ նկատելով, որ որոշումը նախ կայացվում է Առաջին ատյանի դատարանում, ապա Վերաքննիչ և վերջում՝ Վճռաբեկ դատարան. «Առանց Վճռաբեկ դատարանի վիճարկման մարդիկ չեն կարող դիմել ՍԴ կամ Եվրադատարան, ինչը նույնպես խնդիր է: Առաջին ատյանը գործը քննում է, այնուհետև վճիռ է կայացնում, գործը ուղարկում է Վճռաբեկ, որն ունի որոշակի սահմանափակումներ. նա ընտրում է միայն իրեն հարմար գործերը»: Պարոն Զոհրաբյանը կարևորեց նաեւ դատավորների թիվը, որը շատ քիչ է՝ 100.000 բնակչին՝ 6-7 դատավոր, մինչդեռ միջինը պետք է լինի 21: Իրենց ոլորտում առկա հիմնական խնդիրը նա համարում է ոչ փաստաբանների կողմից փաստաբանական գործունեության ծավալելը՝ ընդգծելով, որ այն լուրջ խոչընդոտ է: Արա Զոհրաբյանը տեղեկացրեց նաեւ, որ Փաստաբանների պալատը օրենսդրական փաթեթ է նախաձեռնել, քանի որ խնդիր է, երբ փաստաբանն իր հոնորարը կիսում է ոչ փաստաբանի հետ: