Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատերազմից վերադարձած հետախույզը՝ 20 տարի բանտում (տեսանյութ)

Հասարակություն
soxomon

«Պատերազմից վերադարձած հետախույզը՝ 20 տարի բանտում». այսօր տեղի ունեցավ լրագրող Զարուհի Մեջլումյանի հեղինակած տեսաֆիլմի դիտումը։ Ֆիլմում պատմվում է 20 տարի անազատության մեջ գտնվող ցմահ բանտարկյալ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սողոմոն Քոչարյանի մասին: Այն նվիրված է դատապարտյալի դստեր՝ Սյուզաննա Քոչարյանի հիշատակին, ով նախորդ տարի գարնան առաջին օրը ինքնասպանություն էր գործել՝ չգտնելով ապրելու հույս։ Նրա կինը եւս մահացել է։ Սողոմոն Քոչարյանը չի հավատում, որ կինն ու աղջիկն այլեւս չկան։ Ֆիլմում հիշում է, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել աղջկան, ով արդեն 9 տարեկան էր։ Հետախույզը 1995թ. մահապատժի է դատապարտվել, այնուհետեւ մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել պարսկահպատակ ադրբեջանցու՝ Իրաջ Փուր Միրզա- Բեկի սպանության համար։ «Հայտնաբերեցինք, որ դատավճիռը կատարվել է քաղաքական ճնշմամբ։ Քաղաքական ճնշումն էլ եղել է մեկ այլ պետության՝ Իրանի կողմից։ Աղաղակող անարդարության մասին է ֆիլմը, ահազանգ է, որպեսզի պատկան մարմինները ուշադրություն դարձնեն այս գործերին։ Դրական փոփոխությունների համար է այս ֆիլմը»,-ասում է ֆիլմի հեղինակ, լրագրող Զարուհի Մեժլումյանը։ Սողոմոն Քոչարյանը հույսը չի կորցնում, որ մի օր արդարությունը կվերականգնվի եւ նա կհայտնվի ազատության մեջ։ Սողոմոն Քոչարյանի մայրը՝ Զինա Քոչարյանը, երեկ տեսակցել է որդու հետ, ասում է, որ առողջական խնդիրներ ունի. «Երեկ դեղեր, բան տարա։ Ասում է՝ մամա, ես ուժեղ եմ, ես կդիմանամ, մի մտածի, մենակ դու քեզ պահի»,- արցունքն աչքերին ասում է մայրը։ Նա հավատում է, որ մի օր 49- ամյա որդուն գրկելու է ազատության մեջ։