Շարամբեյանի գործերը կցուցադրվեն Դիլիջանում
ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մայիսի 16-ին «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում կազմակերպել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Շարամբեյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես Դիլիջանում: Հովհաննես Շարամբեյանը ծնվել է Վանից գաղթած և ցեղասպանությունը տեսած Միհրանու Ֆլորա Շարամբեյանների ընտանիքում։ 1947 թվականին Դիլիջանում հիմնադրել է նկարչական դպրոց, 1958 թվականին՝ Դիլիջանի երկրագիտական թանգարանին կից կիրառական արվեստի թանգարանը (1979 թվականից՝ Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի մասնաճյուղ)։ Ավելի քան երեսուն տարի նա զբաղվել է Դիլիջանի հին փողոցի վերականգնման աշխատանքներով, որը այժմ կրում է իր անունը: Նրա անվամբ են կոչվում նաև Երևանի Ժողովրդական ստեղծագործության կենտրոնը, Դիլիջանի գեղարվեստի դպրոցը: Շարամբեյանի ստեղծագործությունները պահպանվում են Տրետյակովյան պետական պատկերասրահում, Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարանում, Դիլիջանի երկրագիտական թանգարանում, Վանաձորի պատկերասրահի մասնաճյուղում և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։ Ցուցահանդեսում ներկայացվում են նկարչի`Դիլիջանին նվիրված գեղանկարները: Այլ միջոցառումների մասին` այստեղ Նկարում Հովհաննես Շարամբեյանի անվան հին փողոցն է