Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրաշարժից 5 օր անց փլատակների տակից երիտասարդ է փրկվել

Հասարակություն
nepal1

Ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 5500-ի, վիրավորների թիվը տարբեր լրատվամիջոցների տվյալներով՝ տատանվում է 11-11,4 հազարի միջև։ Այս մասին տեղեկանում ենք բրիտանական The Guardian-ից։ 7,9 մագնիտուդ ուժգնության գնահատվող երկրաշարժից 5 օր անց փրկարարները հայտնաբերել են դեռևս ողջ մնացած 15-ամյա դեռահասի։ Կատմանդուի փլատակների տակ 5 օր անցկացրած տղայի վիճակը գնահատվում է բավարար։ Տեղեկացնում է BBC-ն։ Աղբյուրի հաղորդմամբ՝ փրկարարները ցածր են համարում հնարավորությունը, որ փլատակներից դեռևս ողջ մարդիկ կհայտնաբերվեն։ Աշխարհի տարբեր երկրներ և կազմակերպություններ շտապել են օգնություն ցուցաբերել ավերիչ երկրաշարժի հետևանքով կորուստներ կրած երկրին։ ՄԱԿ-ը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին պատրաստվում է պարենային օգնություն ցուցաբերել մեկ միլիոնից ավելի մարդու։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Վալերի Ամոսը նախօրեին հայտնել էր 15 միլիոն դոլար հատկացնելու մասին, ինչը նպատակ ունի գործունեության պայմաններ ապահովել միջազգային հումանիտար կազմակերպությունների համար։ Կազմակերպության զեկույցում ասվում է նաև, որ երկրաշարժից տուժել է մոտ 8,1 մլն մարդ, վնասներ է կրել երկրի տարածքի գրեթե կեսը։