Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը գայլերի որսի մասին որոշմամբ արհամարհում է միջազգային կոնվենցիաները

Հասարակություն
wolf

Կառավարության որոշմամբ` Հայաստանում մեկ գայլի որսի համար նախկին 100 հազար դրամի փոխարեն որսորդները կստանան 123 հազար դրամ: Արդեն հաջորդ շաբաթվանից քաղաքացիները հնարավորություն կունենան գայլերի մորթիներ հանձնել Ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի կենդանաբանության ինստիտուտի մասնաշենքում: Բնապահպանության նախարարությունից «Ա1+»-ին տեղեկացրին, որ այսօր են ստացել Կառավարության որոշումը և միայն հաջորդ շաբաթվանից քաղաքացիները հնարավորություն կունենան հանձնել գայլի մորթիները: Ըստ նախարարության` ծրագիրը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի հայտարարվել դրա ավարտի մասին: Նշենք, որ բնապահպանները վերապահումով են մոտենում Կառավարության այս նախաձեռնությանը: Բնապահպան Սիլվա Ադամյանը լրագրողների հետ հանդիպմանը տեսակետ էր հայտնել, որ այս որոշմամբ բացվում է որսորդների ճանապարհը ու նրանք ավելի են շահագրգռված լինելու գայլերի որսով զբաղվել: Ըստ բանպահպանի` ՀՀ Բնապահպանության նախարարի հետ վերջին հանդիպման ժամանակ իրենք տրամագծորեն այլ բանի մասին են պայմանավորվել: «Մի խումբ բնապահպաններով, երբ հանդիպեցինք նախարարին, նա խոստացավ, որ կաշխատի գայլերի որսի հարցը զուտ սպանդի ճանապարհով չլուծել: Իսկ գայլերի հարձակումներից գյուղացիներին պաշտպանելու համար սերտորեն կաշխատի գյուղական տնտեսությունների հետ»,- նշում է Սիլվա Ադամյանը: «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական միության ներկայացուցիչ Նարե Արամյանը լրագրողների հետ հանդիպմանը համոզմունք է հայտնել, որ ՀՀ կառավարությունն իր այս որոշմամբ արհամարհում է միջազգային կոնվենցիաները: «Ընդ որում, արհամարհում է այն կոնվենցիաները, որոնց միացել է»,- նշել է Արամյանը: