Բեյրութի փոքրիկ Հայաստանը. ինքնությունն ու ժառանգությունը պահպանելու ուղիներ
Մերձավոր Արևելքի կյանքը ներկայացնող Аl-Monitor կայքն անդրադարձել է Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասի հայ համայնքի կյանքին՝ ներկայացնելով արաբական աշխարհում ապրող հայերի մի մասի կենցաղն ու առօրյան։ Հոդվածը ներկայացնում ենք որոշակի կրճատումներով։
Բուրջ Համուդը, որը հայտնի է նաև «Փոքրիկ Հայաստան» անունով, Բեյրութի հյուսիսային շրջանում գտնվող արվարձան է։ Քաղաքը վերապրել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Նրա բնակչության հիմնական մասը Բեյրութում հաստատվել է՝ «մահվան երթերով» հասնելով այստեղ։
Դեյր Զորի տարածքով այստեղ գաղթած հայերի երկրորդ սերունդը իր ինքնությունն ու ժառանգությունը պահպանելու համար ուղիներ է փնտրում, դրա հիմնական միջոցը ավանդական արհեստների խթանումն է։
Բուրջ Համուդի փողոցներում կարելի է տեսնել տարբեր ապրանքներ՝ համեմունքներ, չորացրած մրգեր, զարդեր, օճառ և այլն։ Ոսկերչական իրեր, կաշվե պարագաներ, կտորների տեսակներ վաճառող խանութները բաց են բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են արհեստագործական ապրանքներով։ Այս տարածքը Լիբանան այցելող զբոսաշրջիկների նախընտրելի վայրերից է։
Բեյրութի հայ համայնքի հովանավորներից է Արփի Մանգասարյանը։ Նա ճարտարապետ է, Բուրջ Համուդի հայկական միջավայրը պահպանելու նպատակով տարբեր ծրագրեր է իրականացնում։ Արփիի ջանքերով վերջերս ֆրանսիական մշակութային հանդեսներից մեկը՝ Agenda Culturel-ը, գիրք է հրատարակել՝ բուրջհամուդյան մշակութային կոլորիտը ներկայացնող։ Նրանում լայն անդրադարձ է կատարվել հայ արհեստավորների աշխատանքներին, այստեղ ապրող մարդկանց կենցաղին ու սովորույթներին։
«Ես միշտ խանդավառությամբ եմ լցված եղել դեպի արհեստները, հայրս նկարիչ էր և նա շատ է օգնել ինձ։- ասել է նա Аl-Monitor-ին։ Այս գրքով ես փորձել եմ խթանել հայկական արհեստների զարգացումը։ Մենք կազմակերպում ենք ցուցահանդեսներ, տուրեր, այցելություններ դեպի Բուրջ Համուդ՝ նպատակ ունենալով ուշադրության կենտրոնում պահել այս տարածքի մարդկանց»։
Ագոն Կարակոլմիկյանն (նկարում) ասում է, որ իր եղբոր ու հոր հետ կոշիկի խանութ են աշխատեցնում. «Սա ընտանեկան բիզնես է, մենք տարիների ընթացքում հոգ ենք տարել՝ մեր աշխատանքով զարգացնելու այն։ Այստեղ և՛ կոշիկ է պատրաստվում և՛ վաճառվում է այն։ Մեզ համար սա մշակույթ է, բավականին դժվար բիզնես է, բայց մենք փորձում ենք այն պահել՝ բարձր որակի կոշիկներ պատրաստելով։
Բուրջ Համուդի հայազգի բնակիչներից Ռոջեր Ասատուրյանն էլ շարունակում է իր հորից ժառանգած գործը՝ զբաղվում է ադամանդագործությամբ. «Շուրջ 20 տարի է, ինչ ես զբաղվում եմ այս աշխատանքով, հորիցս եմ ժառանգել մասնագիտությունս, նա ոսկերիչ էր, այժմ ես նրա հիմնած խանութում եմ աշխատում»։
Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Բադգյոր կենտրոնը պատրաստել է մշակութային միջոցառումների շարք՝ «Հայկական վերածնունդ ցեղասպանությունից հետո» անունով։ Մանգասարյանը նշում է, որ պետք է չկենտրոնանալ միայն 1915 թվականի դեպքերի վրա. « Բոլորը խոսում են ցեղասպանությունից, սակայն հիմա պետք է կենտրոնանալ այն բանի վրա, որ մենք ունենք կենդանի մշակույթ, արհեստավոր մարդիկ, որոնք մնացել են այստեղ և ստեղծագործում են» ։
Մանգասարյանի կենտրոնի ջանքերով կազմակերպվել են տասնյակի հասնող միջոցառումներ, որոնք ընդգրկել են ինչպես ցուցահանդեսներ՝ արհեստագործական տարբեր առարկաների, Լիբանանի և Հայաստանի կյանքն ու առօրյան ներկայացնող նկարների, բանաստեղծությունների, գորգերի, կարպետների տեսքով, այլ նաև մարդկային պատմություններ, որոնք ներկայացնում են իրենց ընտանիքների պատմությունները։
Արփի Մանգասարյանը վերջում հավելում է, որ սեփական անցյալով և մշակութային ժառանգությամբ հպարտանալու ցանկությունն է իրեն առաջնորդում հայկական համայնքի հետ աշխատանքներ իրականացնելու համար։