Քվորում չկա. ավագանու անդամը մեկնել է արտագնա աշխատանքի
Վայոց ձորի Թառաթումբ համայնքում ավագանու 5 մանդատի համար 6 թեկնածու է հայտ ներկայացրել։ Արտահերթ ընտրություններն այս համայնքում տեղի են ունենալու մայիսի 3-ին։ Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ կայքից, ավագանու անդամի թեկնածուները՝ Գարիկ Բաղդասարյանը, Մելքոն Բունիաթյանը, Արթուր Հարությունյանը, Գեղամ Մարկոսյանը, Բաբիկ Օհանյանը եւ Դենիկ Ոսկանյանը, ինքնառաջադրվել են եւ նրանցից միայն Մելքոն Բունիաթյանն է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում աշխատում որպես հսկիչ։ Մյուս թեկնածուները մշտական զբաղվածություն չունեն։ Ընտրությունների անցկացման համար 2015 թվականի պետական բյուջեից ԿԸՀ-ին հատկացվել է 1003145.0 դրամ, Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ 1548.3 դրամ։ Հիշեցնենք, որ Թառաթումբում 2012թ. կայացած ընտրություններից ուղիղ մեկ տարի անց ավագանու անդամները սկսել էին հերթով հրաժարվել մանդատներից։ Նրանցից երկուսն անցել էին պայմանագրային զինվորական ծառայության, իսկ մյուս անդամը արտագնա աշխատանքի մեկնելու պատճառով էր հրաժարվել մանդատից՝ արդյունքում հնարավոր չէր եղել քվորում ապահովել։