Հարստացված ալյուրը խիստ ռիսկային է. մասնագետները կդիմեն ԱԺ
Մասնագետները շարունակում են պայքարն ընդդեմ ֆոլաթթվով ու երկաթով հարստացված ալյուրի։ «Արդյո՞ք իրավունք ունենք ռիսկի դիմելու և բնակչությանն այդպիսի ալյուր մատուցելու։ Ամերիկան, Ճապոնիան և այլ երկրներ կարող են իրենց նման շռայլություն թույլ տալ, բայց մենք՝ փոքր երկիր լինելով, արդյո՞ք դրա իրավունքն ունենք»,-զայրանում է Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։ Իրենց կառույցը նամակով դիմել է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի սննդի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Վիկտոր Տուտելյանին, ով պատասխան նամակում նշել է, թե ավելի քան 50 երկիր նման ալյուր օգտագործում է։ ԵՄ երկրները չեն օգտագործում, կամ մասնակի է դա արվում։ «Պարոն Տուտելյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է, որ այդ ալյուրից կարող են առաջանալ հիվանդություններ, հատկապես քաղցկեղ»,-ասել է տիկին Հակոբյանը։ Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահը հիշեցնում է Առողջապահության նախարարության ասածը, թե սպառողին ընտրության հնարավորություն է տրված, բայց վստահ է՝ դա այդպես չէ: «Մեզ մոտ ամեն ինչ սկսվում է կամավոր ձևով, հետո ավարտվում է պարտադրանքով»,-շեշտել է տիկին Հակոբյանը: Զարմանում է, թե ինչո՞ւ նախարարությունը չի հետաքրքրվում երկրում տարածված անեմիաներով և այլ հիվանդություններով։ Գյուղացին արտադրում է ցորեն, հանձնում, և պատրաստի ալյուրը գնում խանութից: «Մեր համարյա բոլոր գյուղերում հաց է վաճառվում: Եթե 80-85 տոկոսով հարստացնեն ալյուրը, ապա 0,2-0,5 տոկոսի չափով է հնարավոր դառնում, որ մարդիկ օգտվեն իրենց պատրաստած հացից»,-ընդգծել է նա։ Ընդդեմ ալյուրի հարստացման ստորագրահավաքը շարունակվում է, արդեն 900-ը հավաքվել է, երբ 5000-ից ավելի լինի, դիմելու են ԱԺ: «Բոլոր սննդատեսակներն էլ պարունակում են ֆոլաթթու և երկաթ, և մարդիկ դրանով իրենց անհրաժեշտ պաշարը ստանում են։ Արհեստականորեն ալյուրը հարստացնելու անհրաժեշտություն այլևս չկա»,-իր հերթին շեշտել է հացաբույսերի մասնագետ Վարդուհի Մելիքյանը: