Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սադրիչ զանգ». Կիբերհանցագործները չեն անտեսել Հայաստանը

Հասարակություն
b1432b8615aa153456a0a476c018ea81

Հայկական տեղեկատվական տիրույթում գրանցվել է կիբերհանցագործության նոր տեսակ, երբ բջջային կապի բաժանորդն ստանում է «սադրիչ զանգ», իսկ հետ զանգելու արդյունքում՝ կրում ֆինանսական մեծ կորուստ։ Հայաստանցի բաժանորդին հասցված վնասը, սակայն, հայտնի չէ։ Հատուկ ծրագրերի կիրառմամբ իրականացվող այս հանցագործությունը կանխարգելել շատ դժվար է, իսկ բացահայտումը՝ գրեթե անհնարին։ «Այդպիսի հանցագործություններն հաճախ կատարվում են այնպիսի երկրներից, որոնց իրավապահների հետ համագործակցությունը գրեթե անհնարին է, որոշ դեպքերում էլ՝ այդ պետություններում առկա չեն օրենսդրական կարգավորումներ»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպված կիբերհանցագործության վերաբերյալ քննարկմանն ասաց իրավաբան Դավիթ Սանդուխչյանը։ Եվրոպական տարածքում տեղեկատվական ոլորտի հանցագործությունների դեմ պայքարի իրավական հիմքը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի «Կիբերհանցագործության մասին կոնվենցիան», որին միացել է նաև Հայաստանը։ Այդ կոնվենցիայի շրջանակներում էլ ընթանում է համագործակցությունը գործընկեր երկրների միջև։ Դավիթ Սանդուխչյանի պնդմամբ՝ Հայաստանում կիբերհանցագործությունների դեմ պայքարի օրենսդրական կարգավորումներում առկա են որոշակի թերություններ։ «Օրենսդրական լուծումները դժվար կիրառելի են մեր իրականությունում,- ասաց նա,- շատ դեպքերում՝ արտագրված այլ երկրների օրենսդրություններից և հարմարեցված չեն հայկական առանձնահատկություններին»։ Քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանը հիշեցնում է՝ ժամանակակից աշխարհում պատերազմներն ընթանում են ոչ միայն մարտադաշտերում, այլ նաև տեղեկատվական տարածքում։ «Չնայած այն հանգամանքին, որ պետություններն ընդունում են միջազգային պարտավորություններ՝ համագործակցելու տեղեկատվական անվտանգության հարցերում, սակայն իրականում նրանց միջև առկա է համառ պայքար։ Այսպիսի գործընթացները հանդիպում են հատկապես ընդհանուր կոնֆլիկտ ունեցող պետությունների միջև, դրա վառ օրինակը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող կիբերպայքարն է»,-նշեց Վրթանեսյանը։ Պատերազմող երկրները անընդհատ փորձում են միմյանց կարողությունների ու հնարավորությունների մասին տեղեկատվություն հավաքագրել, տեղեկատվական հոսքի վերահսկման ու կառավարման միջոցով ազդել հակառակորդ կողմի հասարակության վրա՝ նրան որոշակի մեսիջներ հասցնելու  միջոցով։ Բանախոսների համոզմամբ՝ տեղեկատվական լիարժեք պաշտպանվածության հնարավոր չէ հասնել, քանի որ կիբերպաշտպանական առկա միջոցների դեմ օգտագործվում են ավելի կատարյալ գործիքներ։ «Համացանցի օգտատերը ինքը պետք է սահմանի անվտանգության իր մեխանիզմները և անփույթ օգտագործումը հասցնի նվազագույն մակարդակի»- հավելում է Կարեն Վրթանեսյանը։ Հանրային քննարկումը հրավիրվել էր Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ՄԱԿ-ի 13-րդ համաշխարհային կոնգրեսի նախօրեին: Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ՄԱԿ-ի 13-րդ կոնգրեսը տեղի է ունենալու 2015 թ. ապրիլի 12-ից 19-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում։