Հանրաքվե կանցկացվի. Ոմանց կարծիքը կարող է անտեսվել (տեսանյութ)
Մայիսի 17-ին տեղի կունենա համայնքների խոշորացման հարցով հանրաքվե։ Բայց գաղտնիք չէ, որ շատ բնակիչներ, այդ թվում՝ գյուղապետեր, համամիտ չեն այս որոշմանը։ «Բնակչության իրազեկվածության պակաս կա, դրա համար են շատերը դեմ»,-կարծում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը: Նա շեշտում է, որ խոսքը կառավարման ապարատի խոշորացման մասին է, և բնակիչների վրա բացասական ազդեցություն չի ունենալու։ «Մի գյուղապետարան է լինելու: Բայց համայնքներում մեկական աշխատակից է լինելու, ով տեղի բնակչության խնդիրներով է զբաղվելու»,-շեշտել է պարոն Գիլոյանը։ Ներկայում երկրի 915 համայնքում 1000 բնակավայր ունենք։ Նախարարության աշխատակցի վստահեցմամբ՝ քիչ բնակչություն ունեցող համայնքում միջոցները չեն բավարարում, և մարդիկ թողնում, գնում են: Համայնքների խոշորացումը կօգնի բարելավել բնակչության կյանքը։ Իսկ այն, որ շատ համայնքներում մանկապարտեզ ու դպրոց չկա, ՏԿԱԻՆ ներկայացուցիչը բացատրում է նրանով, որ նպատակահարմար չէ երկու, երեք երեխայի համար կրթական հաստատություն կառուցել։ Նրանք կարող են հաճախել մոտակա համայնքի հաստատությունը։ Դրա համար պատրաստվում են ճանապարհների և տրանսպորտի հարցը լուծել։ Եթե որևէ տարածաշրջանի համայնքների մեծ մասը դեմ լինեն խոշորացմանը, դա չի արվի։ Բայց եթե իրար մոտ 5 համայնքներից վերևի և ներքևի երկուսը կողմ քվեարկեն, իսկ մեջտեղինը՝ ոչ, այդ դեպքում ի՞նչ կարվի. «Այդ մի գյուղի կարծիքը կարելի է հաշվի չառնել»,-ասել է պարոն Գիլոյանը: Համայնքների խոշորացումն իրականացվելու է միջազգային դոնոր կազմակերպությունների և բյուջեի միջոցներով: