Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

180.000 հայկական հուշարձան ավերվել է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
hushardzan

«Առ այսօր հայ ժողովուրդն իր սփյուռքի կառույցներով համատեղ, մեր մշակութային արժեքների վերաբերյալ չունի գոնե մեկ հասարակ ցանկագրություն՝ որտեղ ինչ է կառուցվել, կամ ի՞նչն է ավերվել, եղածներից ի՞նչն է պահպանվել։ Այսպիսի հետազոտությունների արդյունքներ մենք այսօր, ցավոք սրտի, չունենք»,- հայտարարում է հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը։ Վերջինս հավելում է, որ կան միայն առանձին տարածքների վերաբերյալ կատարված ուսումնասիրություններ, բայց նույնիսկ դրանք էլ ամբողջական չեն՝ հայագիտական որևէ կազմակերպություն այդ տվյալներն իր ձեռքի տակ չունի։ «Խիստ մոտավոր տվյալների համաձայն՝ Արևմտյան Հայաստանում մենք ունեցել ենք ավելի քան 180.000-ի հասնող հայկական նյութական ժառանգության հուշարձաններ՝ մինչև 1910-1915 թվականը։ Սակայն վերջին հարյուր տարվա ընթացքում այդ հուշարձանների գրեթե 96-97 %-ը կորստյան է մատնվել»,-ասաց նա։ Պարոն Այվազյանի համոզմամբ՝ հայկական մշակութային ժառանգության ցեղասպանությունը շարունակվում է մինչ այսօր։ Այս համատեքստում նա հիշեցնում է, որ 1998-2006թ-ին՝ Նախիջևանի տարածքում՝ Նախիջևանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից շուրջ 27.000 հայկական հուշարձաններ հիմնահատակ ավերվել ու կործանվել են։ Նույնը նաև Վրաստանի տարածքում է, սակայն այն վերապահումով, որ ոչ թե ավերում են, այլ վերածում են վրացական հուշարձանների։ «Կան բազմաթիվ փաստեր, ըստ որոնց հայկական եկեղեցիներից հանում են հայկական արձանագրությունները և տեղադրվում են վրացական եկեղեցիներում։ Մեր հարևան երկրներից միայն Իրանն է, որտեղ հայկական հուշարձանները հնարավորինս պահպանվում են , նույնիսկ՝ վերականգնվում իրանական պետության միջոցներով և իրանահայության աջակցությամբ։ 1960-ական թվականներից Իրանի տարածքում մոտ 6-7 այդպիսի հուշարձան է վերականգնվել , և նույնիսկ Իրանի իշխանությունների ներկայացմամբ՝ 3 հուշարձան ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում»,-նշեց Արգամ Այվազյանը։ Ըստ նրա ՝ հաշվի առնելով այս բոլոր փաստերը, մեր ժողովուրդը և իշխանությունները հարկ եղած պահանջով , հավուր պատշաճի հետամուտ չի լինում մեր մշակութային արժեքների, պատմական ժառանգության պահպանման գործին։