«Ակնհայտ է, որ նաիրիտցիների պարտքը փետրվարի 6-ին չի մարվելու»
Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը Օրեր առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Նաիրիտի 2200 աշխատակիցներից նամակ է ստացել, որտեղ նրանք խնդրում են բարձրացնել Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձերի վճարման հարցը: Նշեմ, որ փետրվարի 6-ին Նաիրիտի 2200 աշխատակիցներ ազատվելու են աշխատանքից: Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասի՝ նրանք պետք է ստանան իրենց աշխատավարձերն ու դրան հավասարեցված վճարները: Նաիրիտցիների բողոքի ցույցերից ակնհայտ է դառնում, որ նրանց աշխատավարձերի պարտքը փետրվարի 6-ին չի մարվելու: Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարցս պետք է լիներ վերոշարադրյալի մասին, բայց քանի որ ինչպես գրեթե միշտ է լինում, ԱԺ հարցուպատասխանը էլեկտրոնային համակարգը չգիտես ինչու կրկին այնպես հերթագրեց, որ ինձ հարց հնչեցնելու հերթ չհասավ: Հարցս Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այստեղ… Հարց. 1. Ի՞նչ է արվել կամ արվում Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձերի վճարման սահմանադրական իրավունքը պաշտպանելու համար: 2. Ի՞նչ է արվում Նաիրիտի վերագործարկման ուղղությամբ: Նաիրիտցիների խնդիրն արդեն տարիների պատմություն ունի և յուրաքանչյուր անգամ կառավարության կողմից առաջարկվում են որոշակի խոստումներ և երաշխիքներ, բայց ժամանակը ցույց է տալիս, որ տարածաշրջանում այդ քիմիական գիգանտի հազարավոր աշխատակիցների աշխատավարձերի վճարման հարցն այդպես էլ լուծում չի ստանում: Թե ի՞նչ արդյունք կլինի այս անգամ և արդյո՞ք կրկին չի ոտնահարվի հազարավոր քաղաքացիների սահմանադրական իրավունքը, կերևա առաջիկա 48 ժամերի ընթացքում: