Լեւոն Արոնյանը տարին կսկսի ավանդական փառատոնով
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը 2015 թվականը կսկսի Հոլանդիայի Վեյկ ան Զեեում անցկացվող Tata Steel ավանդական փառատոնով: Այսօր տեղի կունենա վիճակահանության արարողությունը: Լեւոն Արոնյանից բացի, որը 2014թ հաղթողն է, այս տարվա մրցաշարին կմասնակցեն աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը, ՖԻԴԵ-ի վարկանիշով աշխարհի երկրորդ շախմատիստ, իտալացի Ֆաբիանո Կարուանան, ինչպես նաև Անիշ Գիրին (Հոլանդիա), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Ռադոսլավ Վոյտաշեկը (Լեհաստան), Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Դին Լիժենը (Չինաստան), Բահադուր Ջոբավան (Վրաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Հոու Յիֆանը (Չինաստան), Լյուկ վան Վելին (Հոլանդիա) եւ Իվան Շարիչը (Խորվաթիա): Մրցաշարը կանցկացվի շրջանաձեւ մրցակարգով: Տուրերի օրերն են հունվարի 10-13, 15-18, 20-21 եւ 23-25-ը: Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով ժամը 16:30-ին: Գլխավոր մրցաշարին զուգահեռ անցկացվող Բ խմբի մրցաշարին կմասնակցի 14 շախմատիստ, այդ թվում՝ 14-ամյա գրոսմայստեր, ամերիկահայ շախմատիստ Սամվել Սեւյանը: