Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ
Այսօր կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 2014 թվականի մրցանակաբաշխության հանդիսավոր երեկոն, որի ժամանակ հայտնի դարձան «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» եւ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերի հաղթողները: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, 2014 թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այդպիսով, Մխիթարյանը հինգերորդ անգամ եւ չորրորդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Հենրիխ Մխիթարյանի անունը 39 անգամ նշվել է առաջին, 6 անգամ երկրորդ և 2 անգամ՝ երրորդ տեղում: Նա վաստակել է 215 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին՝ վաստակելով 96 միավոր: Ռոման Բերեզովսկու անունը 6 անգամ նշվել է առաջին, 19 անգամ երկրորդ եւ 9 անգամ՝ երրորդ տեղում: Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, վաստակելով 59 միավոր, զբաղեցրել է 3-րդ տեղը: Արզումանյանի անունը 2 անգամ նշվել է առաջին, 11 անգամ երկրորդ և 16 անգամ՝ երրորդ տեղում Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի անդամ, 2014 թվականին Հայաստանի մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, այժմ Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը, հավաքելով 154 միավոր, արժանացավ տարվա լավագույն մարզչի մրցանակին: Երկրորդ տեղում է Երեւանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը, որը հավաքել է 72 միավոր: Երրորդ տեղում Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն է, որը հավաքել է 64 միավոր: