Օրենք՝ «ճոխ գռդոնչիների» համար (տեսանյութ)
Այսուհետ ֆիզիկական անձինք կարող են մեկ ավտոմոբիլով տաքսի ծառայություն մատուցել, առանց գրանցվելու պետական ռեգիստրում։ Այդ դեպքում անհրաժեշտ է միայն տրանսպորտային միջոցը կահավորել սահմանված պահանջներին համապատասխան և ներկայացնել պահանջվող փաստաթղթերը և ստանալ գործունեություն իրականացնելու իրավունք։ Սրանք «ՀՀ մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը հաստատելու, և ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 22-ի N655-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման» համաձայն մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ոլորտներում կատարված բարեփոխումներն են ։ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այսօր տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների ղեկավարների և անհատ վարորդների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ սույն օրենքը բխում է հենց վարորդների շահերից։ «Կարելի է ասել, որ սա միակ օրենքն է, որ ծնվել է ձեզանից և բխում է ձեր իսկ բարձրացրած խնդիրներից, այսինքն` հենց դուք եք օրենքի հեղինակները», -ասաց նախարարը՝ հավելելով նաև, որ եթե այդ օրենքը չգործի, և չկարողանան բավարարել տաքսու վարորդների պահանջները, նշանակում է, որ դեռևս օրենքի վրա աշխատելու տեղ ունեն։ Սակայն վարորդները համաձայն չէին այն տեսակետի հետ, որ ամեն ինչ արվել է, որպեսզի թեթևացնեն իրենց հոգսը։ Վարորդներից ոմանք պնդում էին, որ համաձայն այս օրենքի, յուրաքանչյուր անհատի հնարավորություն է ընձեռվում, որ չունենալով անհատ ձեռներեցի իրավունք, որպես ֆիզիկական անձ կարողանա տաքսի մեքենա վարել, ինչը վարորդների կարծիքով՝ անընդունելի է։ Անհատ վարորդ Հարություն Հարությունյանը մեզ հետ զրույցում շեշտում է. «Ես 100 տոկոսով համոզված եմ, որ սա բողոքի մեծ ալիք է բարձրացնելու։ էն մարդիկ, ովքեր քշում են սպիտակ համարներով ու ավելի ճոխ մեքենաներ, նրանց մեքենան ավելի հաճույքով են նստում, ու նրանց մինիմալն էլ 1000 դրամ ա։ Դա վերաբերում ա թե՛ կանանց, թե՛ աղջիկների, թե՛ տեղ գնացող այն մարդկանց , ովքեր չեն նախընտրում սովորական տաքսիներ, այլ ճոխ գռդոնչիներ ու հենց նրանց մեքենան են նստում»։