Գալուստ Սահակյանը բողոքեց Զարուհի Փոստանջյանից (տեսանյութ)
ԱԺ քառօրյայի մեկնարկին այսօր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անընդունելի է համարում երկակի ստանդարտների կիրառումը խորհրդարանում: Ըստ նրա՝ նախորդ նիստի ժամանակ ԱԺ նախագահությունն անջատեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսափողը, երբ նա Սերժ Սարգսյանին անվանեց դավաճան, մինչդեռ ՀՀԿ պատգամավորները ընդդիմությանն անվանեցին դավաճան ու որեւէ արձագանք դրան չեղավ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ պատգամավորները իրենց տեսակետները արտահայտելու համար շատ հնարավորություններ ունեն, եւ դա միայն նիստերի դահլիճը չէ. «Այլ բան է, որ պետությանը վարկաբեկում են, այստեղ պետք է հնարավորինս հավասար պայմաններում դիտարկենք այս հարցը: Պարոն Փաշինյան, դուք եւս խոսում եք, որքան էլ որ ինձ դուր չի գալիս, դուք խոսում եք մինչեւ վերջ, երբեք չփորձելով մասնավորեցնել ձեր միտքն ու մարդկանց վիրավորել, որն անում է Զարուհի Փոստանջյանը»: Պարոն Սահակյանը շարունակեց իր միտքն՝ ասելով. «Ամենալավ բանը հասարակության համար դա էլեկտրաէներգիան է, բայց եթե կարճ միացում է այն տալիս, էլեկտրաէներգիան էլ չի գործում: Ես կոչ եմ անում բարեկիրթ վերաբերվել միմյանց»: ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, որը եւս նախորդ նիստի ժամանակ վիրավորել էր Զարուհի Փոստանջյանին, հայտարարեց, որ ցավում է, որ գործընկերները չեն առանձնացնում ընդդիմությունն ու կոնկրետ անհատին: Ցանկացած հերյուրանք մեր պետության հասցեին մեր կողմից համարժեք պատասխան կստանա: Եթե մեկը անցնում է սահմանները, դա պետք է կանխվի: ԱԺ նախագահին կոչ եմ անում վարման կարգի հետ կապված ուշադիր լինել ու հեռու մնալ օրակարգի հետ կապ չունեցող հարցերի քննարկումներից»: Գալուստ Սահակյանը լուռ, առանց արձագանքելու Հայկ Բաբուխանյանին, լքեց ամբիոնն ու զբաղեցրեց իր տեղը: «Առանց մեկնաբանությունների»,- նրա փոխարեն արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: