Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է
Աջակցիր «Ա1+»-ինUcom-ը՝ որպես ռազմավարական տեխնոլոգիական գործընկեր, աջակցում է Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի անցկացմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 5-6-ը՝ Ինժեներական քաղաքում։ «ՍայՀաբ – Հայաստան»-ի նախաձեռնությամբ արդեն յոթերորդ տարին անցկացվող մրցույթը մեկ հարթակում կհամախմբի կիբեռանվտանգության մասնագետներին, ուսանողներին, ծրագրավորողներին և տեխնոլոգիաներով հետաքրքրվող երիտասարդներին՝ նպաստելով ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացմանն ու նոր տաղանդների բացահայտմանը։
Այս տարվա մրցույթը կրում է Non-Artificial խորագիրը՝ ուշադրությունը կենտրոնացնելով մարդկային բանականության և այն հմտությունների վրա, որոնք հատկապես կարևոր են արհեստական բանականության արագ զարգացման պայմաններում։ Մասնակիցները հնարավորություն կունենան փորձարկելու իրենց վերլուծական մտածողությունը, ստեղծագործական մոտեցումն ու բարդ խնդիրներ լուծելու կարողությունները։
«Ucom-ում մենք կարևորում ենք այնպիսի նախաձեռնությունների աջակցությունը, որոնք երիտասարդներին հնարավորություն են տալիս տեսական գիտելիքները կիրառելու գործնական միջավայրում, զարգացնելու մասնագիտական հմտություններն ու բացահայտելու իրենց ներուժը։ Համոզված ենք, որ նման մրցույթները նպաստում են Հայաստանում կիբեռանվտանգության մասնագիտական համայնքի ամրապնդմանը և ոլորտի ապագա մասնագետների ձևավորմանը: Թվային աշխարհի զարգացմանը զուգահեռ կիբեռանվտանգությունը դառնում է տեխնոլոգիական առաջընթացի կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Արհեստական բանականությունն արդեն փոխում է բազմաթիվ գործընթացներ, սակայն տեխնոլոգիաների հիմքում շարունակում են մնալ մարդու գիտելիքը, քննադատական մտածողությունն ու ճիշտ որոշումներ կայացնելու կարողությունը»,– նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Capture The Flag (CTF) կիբեռանվտանգության միջազգային մրցութային ձևաչափ է, որի ընթացքում մասնակիցները լուծում են իրական կիբեռսպառնալիքներին նմանեցված գործնական առաջադրանքներ՝ փնտրելով դրանցում թաքնված «դրոշները»։ Մրցույթի ընթացքում թիմերը 24 ժամ շարունակ կպայքարեն առավելագույն միավորներ հավաքելու համար, իսկ լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ։
«Վերջին երկու տարիներին մեր մրցույթները նվիրված էին արհեստական բանականությանը՝ մարդն ընդդեմ AI-ի և AI ապոկալիպսիս թեմաներով։ Այսօր AI գործիքներն օգտագործում են և՛ պաշտպանները, և՛ հարձակվողները, և որքան խելացի են դառնում այդ գործիքները, այնքան ավելի կարևոր է դառնում մասնագետը, ով կարող է ստուգել, կասկածել և ճիշտ որոշում կայացնել։ Ուստի այս տարի որոշեցինք կենտրոնանալ հենց այն մարդկային հմտությունների վրա, որոնք որևէ գործիք չի կարող փոխարինել։ Արդեն յոթերորդ տարին CTF-ը մի հարթակ է, որտեղ բացահայտվում են նոր տաղանդներ, իսկ ընկերությունները ծանոթանում են իրենց ապագա թիմակիցների հետ։ Հրավիրում ենք կիբեռանվտանգությամբ հետաքրքրվող բոլորին՝ ուսանողներին, մասնագետներին և առաջին անգամ մասնակցողներին, գրանցվել և միանալ մեզ դեկտեմբերի 5-6-ին»,– նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «ՍայՀաբ – Հայաստան» կիբեռանվտանգության նախաձեռնության ղեկավար, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Մարի Բարսեղյանը։
Մրցույթին կարելի է մասնակցել ինչպես անհատապես, այնպես էլ՝ թիմով։ Թիմ չունեցող մասնակիցներին կազմակերպիչները տեղում կօգնեն գտնել թիմակիցներ։ Մասնակցության համար մասնագիտական փորձը պարտադիր չէ։
Մրցույթի գրանցումը բաց է մինչև դեկտեմբերի 3-ը։ Մասնակցել ցանկացողները կարող են լրացնել գրանցման հայտը։