Սուրիկ Խաչատրյանի դեպքում ինքնապաշտպանություն էր, Շանթի դեպքում հանցագործությո՞ւն
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին եւ նրա մյուս համակիրներին տարբեր պատժաչափերով դատապարտելը իրավապաշտպանների համար սպասելի էր։ «Կզարմանայի, որ արդարադատությունը աշխատեր»,- «Ա1+»-ին ասաց Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը։ Իսկ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նշում է` Հայաստանի դատական պրակտիկան այդպիսին է, դատախազը ավելի շատ պատժաչափ է պահանջում, իսկ դատավորը մի փոքր իջեցնում է պատժաչափը։ Պարոն Իշխանյանը չի կարողանում համեմատություն չանել Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների եւ այս գործով։ «Ռազմական դատախազը այս գործով հայտարարեց, որ ինքնապաշտպանություն է եղել, իսկ հանրապետության նախագահը հայտարարեց, որ Շանթը եւ ընկերները հանցագործներ են»,- նշեց Ավետիք Իշխանյանը։ Անդրադառնալով Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն՝ Շահեն Հարությունյանին 4 տարվա պայմանական ազատազրկման դատապարտելուն՝ պարոն Իշխանյանը նշեց. «Դատարանը «մեծահոգություն» ցուցաբերեց, գեղեցիկ բեմադրված դերեր էին»։ Իսկ Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը անչափահաս Շահենի դատավճիռը այս կերպ է մեկնաբանում. «Փորձեցին լավ դեր ընդունել վատ թատրոնի պարագայում։ Այսպես արեցին, որ Շահենը չփորձի որեւէ քայլ անել»։ Հիշեցնենք, որ երեկ աշխատանքային օրվա ավարտից հետո «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրան մեղավոր ճանաչեց՝ խուլիգանություն կատարելու հատկանիշներով։ Իսկ նրա որդին, անչափահաս Շահեն Հարությունյանը դատապարտվեց 4 տարի ազատազրկման՝ պատիժը պայմանական չկիրառելու պայմանով։ Շահենը սովորում է 11-րդ դասարանում։ Բոլոր ամբաստանյալներին դատարանը մեղավոր ճանաչեց: Դատարանը ամենախիստ պատիժը սահմանեց Վահե Մկրտչյանի նկատմամբ՝ 7 տարվա ազատազրկում։ Ալբերտ Մարգարյանը դատապարտվեց 6, Ավետիս Ավետիսյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Վարդան Վարդանյանը՝ 5, Հայկ Հարությունյանը 4,6 ամիս, Արմեն Հովհաննիսյանը՝ 2 , Սեւակ Մնացականը՝ 1 տարի 6 ամսվա, Տիգրան Պետրոսյանը՝ 1 տարվա ազատազրկման։ Միսաք Առաքելյանի նկատմամբ նշանակվեց 50 հազար դրամ տուգանք։ Վերջինիս նկատմամբ ընտրված ստորագրությունը՝ որպես խափանման միջոց, վերացվեց։ Մեղադրող Գեւորգ Գեւորգյանը պահանջել էր Շանթ Հարությունյանին դատապարտել 7 տարի ժամկետով։ Վահե Մկրտչյանին՝ 8 ու կես տարի, Ալբերտ Մարգարյանին՝ 8 տարի, Վարդան Վարդանյանին, Ավետիս Ավետիսյանին , Լիպարիտ Պետրոսյանին՝ 6 ու կես տարի, Ալեք Պողոսյանին, Հայկ Հարությունյանին՝ 6 տարի, Մկրտիչ Հովհաննիսյանին, ով ընդունեց իր մեղքը՝ 5 ու կես տարի, Տիգրան Պետրոսյանին, Արմեն Հովհաննիսյանին, Սեւակ Մնացականյանին՝ 4 տարի, իսկ Միսակ Առաքելյանին՝ 50 000 դրամ տուգանքով։ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահենին, մեղադրողը պահանջել էր դատապարտել 5 տարով։ Պաշտպանները արդեն հայտարարել են, որ դատավճիռը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան։