Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրացահայերը կանգնել են փաստի առաջ (տեսանյութ)

Քաղաքականություն
pasport

Վրաստանաբնակ այն հայերը, որոնք ստացել են ՀՀ քաղաքացիություն, այսօր կանգնել են փաստի առաջ: Վրաստանի իշխանությունները, կատարելով ԵՄ պահանջները, անցնում են վիզային նոր համակարգի: Մինչ սեպտեմբերի 1-ը մասնավորապես ՀՀ քաղաքացի ջավախահայերն անժամկետ կարող էին մնալ Վրաստանում, սակայն նոր օրենքով 3-ամսյա ընդմիջումով սահմանվել է 90-օրյա կեցության հնարավորություն։ «Այն անձինք, որոնց պետք էր ՀՀ այդ փաստաթուղթը, որ մեկնեն ՌԴ, տարվա հիմնական ժամանակն անցկացնում են ՌԴ-ում եւ իրենց համար այդքան էլ մեծ խնդիր չէր լինելու, բայց այն անձանց, որոնք ավելի երկար ժամանակով են ապրելու, իրենք կարող են այդ փաստաթղթերը ստանալ»,- ասում է վրացագետ Ջոնի Մելիքյանը: Վրացագետը խնդրի լուծման տարբերակ է առաջարկում. «Եթե օտարերկրացին, ասենք` երեւանցին, ուզում է ինչ-որ բիզնես ծավալել Վրաստանում, եւ այցելել է այնտեղ 3 ամսից ավելի, ինքը այստեղ դիմում է դեսպանատուն, ստանում է D կարգի միգրացիոն վիզան, որը թույլ է տալիս նրան, մուտք գործելով Վրաստան, դիմի կացության քարտի ու այդ հնարավորությունը ստանալուն ու մշտապես բնակվի Վրաստանում»: Այս փաստաթուղթը տրվում է մոտավորապես 50 դոլարով՝ 6 տարի ժամկետով: Մի խումբ ջավախահայ մտավորականներ դիմել էին Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ պատվիրակությանը` վրացական իշխանությունների հետ բանակցություններում հասնելու մշտական կացության իրավունքի տրամադրմանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը խոսել է խնդրի մասին, որին ի պատասխան Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ այդ հարցն անպայման կլուծվի։ ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանն առաջարկում է. «Գուցե փոխադարձ բացառության կարգով որոշակի պայմանագիր կնքել: Սա շատ կարեւոր է` եթե մենք ու Վրաստանը կնքում ենք մի պայմանագիր, որը բացառություն է անում մեր քաղաքացիներին Վրաստանում ու նրանց քաղաքացիներին մեզ մոտ, սա շատ կարեւոր է»: Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից ուղիղ հեռախոսակապով տեղեկացրին, որ հայկական կողմը լիարժեք կատարում է իր գործառույթները։ «Մեր պետությունից դուրս իրավահարաբերություններում ավելի ճիշտ կլինի ԱԳՆ միջոցով դիմել: Անձնագրային եւ վիզաների վարչությունը Վրաստանում գտնվող անձանց ինչ-որ հարցով միջամտելու, աջակցելու զուտ մեր գործառույթներից էլ է դուրս»,- նշում է Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ Մնացական Բիչախչյանը: