ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՎԵՐՍԿՍՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՍԵՎԾՈՎՅԱՆ ԲԱՆԿԸ ԿՍՆԱՆԿԱՆԱ
Աջակցիր «Ա1+»-ինՍեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի (ՍԱԶԲ) նախագահ Մուսթաֆա Քյուրտինը ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի հետ այսօր հանդես եկավ մամուլի ասուլիսով: Նշենք, որ ՍԱԶԲ-ն Սեւծովյան տնտեսական համագործակցության քաղաքական կառույցի ֆինանսական ծրագրեր իրականացնող մարմինն է: Բանկի անդամները 11 պետություն են, այդ թվում՝ Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը եւ Թուրքիան:
ՍԱԶԲ նախագահ Մուսթաֆա Քյուրթինը ասուլիսում հետաքրքիր հայտարարություն արեց. «Բանկային գործունեության մեջ մեծ քաղաքականություն մտցնելը աղետների հանգեցնելու լավագույն ուղին է, իսկ եթե մեր բանկի անդամների մեջ կռիվ ընկնի, արդյունքն ուղղակի բանկի սնանկացումը կլինի»:
Մուսթաֆա Քյուրթինի արտահայտության տրամագծորեն հակառակ տեսակետը, սակայն, մինչ այդ հասցրել էին արտհայտել ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն ու ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: ՍԱԶԲ տարեկան ժողովի ամփոփիչ նիստում Տիգրան Սարգսյանն ասաց. «Խթանելով Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սերտ տնտեսական համագործակցությանը, բանկը նպաստում է անդամների տնտեսական եւ քաղաքական ինտեգրացիային»:
Իսկ Վարդան Խաչատրյանը պարզապես քաղաքական մեղադրանք հնչեցրեց ԱՍԶԲ հասցեին, հատկապես՝ նրա նախագահի հայտարարության ֆոնին. «Այս տնտեսական ծրագրերը կնպաստեն թշնամանքի ու անվստահության մթնոլորտի վերացմանը, այս բանկը հենց այդ նպատակով է ստեղծվել»:
Տնտեսական ծրագրերն իրենցից ներկայացնում են ՍԱԶԲ անդամ երկրներում փոքր եւ մանր բիզնեսի վարկավորում, իսկ Հայաստանի հետ թշնամանքի ու անվստահության մթնոլորտում հարեւանություն անող ադրբեջանական կողմը բանկի տարեկան հաշվետվությանը չէր ներկայացել՝ առանց բացակայությունը հիմնավորելու:
Ֆինանսների նախարարը վստահեցրեց, թե իրենք ամեն ինչ արել են Ադրբեջանին համոզելու, որ նրանց անվտանգությունը մեր երկրում երաշխավորված է: ԱՍԶԲ տարեկան հաջորդ նիստը ծրագրված է անցկացնել Ադրբեջանում, որին Հայաստանի ֆինանսների նախարարը կմասնակցի, եթե իհարկե հարեւան երկիրը մուտքի թույլտվություն (վիզա) տա: