Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ կառավարությունը չի հետաքրքրվում փախստականներով» (տեսանյութ)

Հասարակություն
hranush

«25 տարի է՝ Հայաստանի իշխանությունները ոչ մի լուրջ քայլ չեն ձեռնարկում ադրբեջանահայ փախստականների օգնելու համար»,- այսօր հայտարարեցին հենց իրենք՝ ադրբեջանահայ փախստականներն ու իրենց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների անդամները. «Օրեցօր մենք ավելի ու ավելի շատ ենք համոզվում, որ նրանք անգամ մտադիր չեն ինչ-որ քայլեր ձեռնարկել»։ Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ով նույնպես մտահոգված է փախստականների խնդիրներով, նշեց, որ եթե տարիներ առաջ ադրբեջանահայ փախստականների հարցը լուծելու իրական կամք լիներ, ապա այսօր հեշտ կլիներ նաև սիրիահայ փախստականների հարցերը լուծել. «Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանի հիմնական խնդիրը փախստականներին «անձնագրավորելն» է, արագ-արագ քաղաքացիություն տալը եւ վերջ, մյուս բոլոր հարցերը մնում են բաց»։ Հրանուշ Խառատյանը համոզված է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող թվային տվյալներով ասել, թե քանի փախստականի համար են պատասխանատվություն կրում, հոգ տանում նրանց մասին. «Քննարկվու՞մ է արդյոք հայրենադարձության խնդիրը, չէ՞ որ դա էլ քաղաքական հարց է: Միջազգային մակարդակում հայ փախստական բառը գոյություն չունի: Հայաստանի որևէ դիվանագիտական ներկայացուցչություն որևէ երկրում քննարկում չի կազմակերպում նմանատիպ թեմաներով: Կասկածում եմ, որ որևէ դիվանագիտական երկրում գտնվող դեսպան կամ դիվանագետ գիտի, որ իր գտնված երկրում հայ փախստականներ կան»: Ադրբեջանահայ փախստական Ռաիսա Հարությունյանն էլ պատմեց, թե ինչ պայմաններում են այսօր ապրում իրենք.«25 տարիա ապրում ենք հանրակացարանում, մի սանհանգույց կա, որն էլ ահավոր վիճակում է, առավոտյան հերթա գոյանում զուգարանի դիմաց։ Անգամ պատշգամբ չենք կարող դուրս գալ, որովհետեւ դրանք վթարային են։ Մի սենյակ 8 քառակուսի մետր է, որը ե՛ւ զուգարան է, ե՛ւ խոհանոց, ե՛ւ ննջարան, ե՛ւ լվացք կախելու տեղ, ինչ պիտի լինի դա»։ Ռաիսա Հարությունյանը նշեց, որ անընդհատ դիմել են տարբեր գերատեսչությունների, բայց ապարդյուն, միայն ստացել են մի պատասխան՝ սպասեք. «Ինչքա՞ն կարանք սպասենք, մենք էլ ենք մարդ, ուզում ենք ապրենք նորմալ պայմաններում։ Մեր կյանքը այդպես անցավ, բայց մեր երեխաները չեն համբերում, չեն կարողանում»։