Սուպերմարկետում որեւիցե մեկին չէր հետաքրքրել, որ իր կողքին մարդ են սպանում (տեսանյութ)
Սա պատմություն է ավելի քան կես տարվա վաղեմության սպանության փորձի մասին։ Զոհին անծանոթ մոտ 10 հոգի տասնյակ ուրիշների ներկայությամբ սուպերմարկետներից մեկի մուտքի մոտ դանակներով հարձակվում են Արմեն Փիլոյանի վրա։ Բռնությունը շարունակվում է նաեւ սուպերմարկետի ներսում:
«Արմեն Փիլոյանին 16 հարված են հասցնում եւ էդ ընթացքում վաճառողը շարունակում է իր առեւտուրը, կամ գնորդը շարունակում է իր առեւտուրը եւ որեւիցե մեկին չի հետաքրքրում, որ իր կողքին մարդ են սպանում»,-ասաց տուժողի ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանը։
Արմեն Փիլոյանին փրկում է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի տեղակալ Տարոն Բաղդասարյանը, որին նույնպես որոշ հարվածներ են բաժին հասնում։ Այսօր Արմեն Փիլոյանը հրաժարվում է խոսել զուտ անվտանգության նկատառումներով, հանցագործների մեծ մասն ազատության մեջ է:
«Երկու անձ է կալանավորվել՝ Արամայիս Ղազարյան եւ Աշոտ Մնացականյան, եւս երկու անձի հայտարարվել է հետախուզում, իսկ հանցագործության մասնակից մյուս անձինք դեռեւս պարզված չեն»,-շարունակեց Արմեն Մելքոնյանը։
Պաշտպանական կողմին չի բավականացնում ոստիկանության օպերատիվ աշխատանքը՝ հանցագործների մեծ մասը ոչ միայն ձերբակալված չէ, նրանց տեղն էլ հայտնի չէ, թեպետ ոչ մեկը Հայաստանի Հանրապետության սահմանը չի հատել, այսինքն, երկրից դուրս չի եկել. «Մենք տեղեկություններ ենք ստացել, որ հանցագործություն կատարած անձանցից ոմանք թմրամոլներ են եւ մինչեւ հանցագործություն կատարած պահը գտնվել են ոստիկանության տեսադաշտում»։
Ձերբակալված Աշոտ Մնացականյանին հայտնաբերել է Ավստրիայի ոստիկանությունը՝ հենց Վիեննայի օդանավակայանում։ Նա էլ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո, պաշտպանական կողմի տեղեկություններով, անմիջապես հայտնվել է բժշկական լազարեթում, ժողովրդական լեզվով ասած՝ գիժ է ձեւանում։ Պարզելու համար այդպես է, թե ոչ՝ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն
«Կարծում եմ, որ սա մեղադրյալի անհաջող փորձն է, որ հասկանալով իր արարքի ծանրությունը՝ նման ձեւով փորձում է խուսափել պատասխանատվությունից։ Նրա հետ հարցաքննության ժամանակ, առերեսման ժամանակ ես տեսա նրա պահվածքը՝ հավասարակշռված, սառնասիրտ, դաժան մարդու պահվածք»,- շարունակում է Արմեն Մելքոնյանը։
Մինչեւ այսօր տուժող Արմեն Փիլոյանին եւ նրա ներկայացուցչին պարզ չեն հանցագործության մոտիվները եւ այն, թե ինչի ազդեցության տակ են գտնվել հանցագործները։ Արմեն Փիլոյանը հանցագործներից ոչ մեկին դեպքից առաջ չի ճանաչել, իսկ փաստաբանն ասում է, որ եթե այս հանցագործությունը չբացահայտվի, վաղն այդ նույն մարդիկ գալու են նաեւ իր եւ շատերի հետեւից։