Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ՝ հեռաբժշկության ցանց

Հասարակություն
առողջ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը եւ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն այսօր ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ հեռաբժշկության ցանց ստեղծելու մասին» փոխըմբռնման հուշագիր: Հնդկաստանի աջակցությամբ Երեւանի մեկ եւ մարզային 9 բժշկական կենտրոններին կհատկացվեն հեռաբժշկության ժամանակակից տեխնիկական սարքավորումներ: Դա հնարավորություն կստեղծի այդ հիվանդանոցների եւ Հնդկաստանի առաջատար բժշկական հաստատությունների միջեւ կազմակերպել մասնագիտական փոխադարձ խորհրդատվություն, փորձի եւ գիտելիքների փոխանակում, ինչը կբարձրացնի հիվանդությունների ախտորոշման եւ բուժման մակարդակը: «Մոտ երկու տարի է, ինչ առողջապահության նախարարությունը Հնդկաստանի կառավարության հետ բանակցում է հեռաբժշկության ցանց ստեղծելու ծրագրի շուրջ: Հայկական կողմն ընդունել է տեղեկատվական-տեխնոլոգիական փորձագիտական խումբ, որոնք իրականացրել են կարիքների գնահատում եւ մշակել են ծրագրի իրականացման ուղղությունները»,-նշեց Սերգեյ Խաչատրյանը, ում գնահատմամբ հեռաբժշկության ցանցի ստեղծումը որակապես փոխում է որակյալ բուժօգնություն ապահովելու, հիվանդներին ախտորոշելու, երկու երկրների բժշկական կազմակերպությունների մասնագետների միջեւ գիտակրթական կապ հաստատելու գործընթացը: «Այս ծրագիրը ոգեւորիչ է, եւ հույս ունենք, որ առաջիկայում այն հաջողությամբ կպսակվի»,-ընդգծեց առողջապահության փոխնախարարը` հավելելով, որ համաձայնագրի ստորագրմամբ ստեղծվում է մի համակարգ, որտեղ ներգրավված են լինելու առողջապահության առաջնային եւ երկրորդային օղակները: Պատասխանելով լրագրողների հարցին` Սերգեյ Խաչատրյանը մատնանշեց 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի տարիներին ԱՄՆ-ի հետ հայ մասնագետների հետ հեռակապ հաստատելու առաջին հաջողված օրինակը: «Հետագա տարիներին բժշկական տարբեր հաստատություններ ապահովված են եղել հեռակապով, սակայն համակարգային լայնածավալ միջոցառումներ չեն իրականացվել: Սա առաջին միջպետական համագործակցությունն է»,- նկատեց փոխնախարարը: «Համոզված եմ, որ այս հուշագրի ստորագրումն առողջապահության ոլորտում հայ-հնդկական հարաբերությունների ակտիվացման նոր սկիզբ է»,- նկատեց Սուրեշ Բաբուն` ընդգծելով, որ փաստաթուղթը առողջապահության ոլորտում հայ-հնդկական հարաբերությունների զարգացման բոլորովին նոր շրջափուլ է։ Դիվանագետը հույս հայտնեց, որ հեռաբժշկության ցանցին կարճ ժամանակում կհաջողվի դրական արդյունքներ գրանցել: Հնդկական կողմի աջակցությամբ Հայաստանի բժիշկների, բուժքույրերի, հեռաբժշկության ոլորտում տեխնիկական աշխատողների համար կկազմակերպվեն նաեւ շարունակական զարգացմանն ուղղված կրթական ծրագրեր: Հեռաբժշկության զարգացման գործում Հնդկաստանը մեծ փորձ ունի եւ այդ երկրի աջակցությունը խիստ օգտակար կլինի մարզային բժշկական կենտրոնների աշխատանքի բարելավման, ինչպես նաեւ հայ մասնագետների որակավորման բարձրացման ուղղությամբ:   Նախատեսվում է, որ ստորագրված հուշագրի շրջանակներում նշված աշխատանքներն իրականացնելու համար Հնդկաստանը կներդնի շուրջ 530.250 ԱՄՆ դոլար:   Հուշագրի ստորագրման արարողությունից անմիջապես հետո Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակությանը ընդունեց ՀՀ առողջապահության նախարարը: Կողմերը անդրադարձ կատարեցին առողջապահության ոլորտում երկու երկրների համագործակցության երկարամյա փորձին, ինչպես նաեւ քննարկեցին համագործակցության առաջիկա հեռանկարները, որոնք վերաբերում են մասնավորապես բժշկական կրթությանը, դեղագործությանը, այլ ոլորտների: Առողջապահության նախարարություն