Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շուշիի բանտ. Լրագրողական ուսումնասիրություն

Հասարակություն


Բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին լսած կարծիքները IWPR-ի թղթակցին դրդեցին այցելել Շուշիի կալանավայր, որտեղի իշխանությունները թույլ տվեցին ծանոթանալ բանտի պայմաններին:

Լուսինե Մուսայելյան, Շուշի

Հարյուրավոր տարիներ Կովկասի խստագույն կալանավայրը համարվել է Լեռնային Ղարաբաղի Շուշիի բանտը:

Նախկին կալանավորների եւ իրավապաշտպանների հնչեցրած մեղադրանքների ֆոնի վրա բանտի կառավարությունը թույլ տվեց IWPR-ի թղթակցին իր պատերից ներս թափանցել` կալանավայրի պայմանները սեփական աչքերով տեսնելու համար:

«Սեւ փոքրիկ կատուն հանցագործություն չի արել, բայց ինքն էլ է բանտում», - Շուշիի բանտի առանց հսկողության մնացած կալանավորները իրենց թույլ են տալիս միայն այսպիսի նախադասություն ասել:
Բանտի ներսում լրագրողի հետ խոսելու թույլտվություն ստացած բանտարկյալները միայն դրական են արտահատվում կալանավայրի ու կալանավորների համար ստեղծված պայմանների մասին:

Շուշիի բանտը կառուցվել է դեռեւս 1860-ականներին: Խորհրդային տարիներին այն հայ դիսիդենտների կալանավայրը լինելու պատճառով սարսափազդու վայրի համբավ ուներ:

Բանտի ներկայիս աշխատողները նպատակահարմար չեն համարում հայտնել բանտի կալանավորերի թիվը` միայն նշում են, որ այստեղ կարող են տեղավորել մոտ 250 կալանավոր:

Անզեն աչքով նայելիս էլ` պայմանները նվազագույնն են թվում. բանտախցերում տեղադրված են երկաթե մահճակալներ` սավանով եվ բարակ ծածկոցով, փոքրիկ պահարան, որի վրա դրված են ալյումինե սպասք, ջուր եւ ուտելիք: Այս խցում սեղանին տապակած կարտոֆիլ է եւ հավի միս, պոմիդոր, վարունգ. սա հավանաբար հարազատներն են ուղարկել: Սեղանին կան ֆոլգայի կտորներ, բացի այդ, բանտի կողմից տրվող ուտելիքը կալանավորները ուտում են բանտի ճաշարանում:

Բոլոր բանտախցերի պատերին կախված են սրբապատկերներ, թեպետ բանտում նաեւ աղոթասենյակ կա, որը կառուցել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը:

Բանտախցերի հատակը հիմնականում քարից է: Բանտի աշխատողներն ասում են` ձմռանն այստեղ ցուրտ չի լինում, քանի որ ջեռուցումը «կատարվում է բարձր մակարդակով»` չնայած շենքի հնացած տեսքին:

Ըստ բանտի աշխատակիցների, Շուշիի բանտը " հանցագործ աշխարհը" կնքել է "Կրասնայա զոնա" անվամբ, ինչը նշանակում է, թե այստեղ բոլորը ենթարկվում են օրենքի:

Լեռնային Ղարաբաղի ոստիկանության քրեակատարողական հիմնարկի պետ Սամվել Պետրոսյանը հպարտությամբ է նշում, որ մինչ օրս էլ «Կրասնայա զոնա» անվանումը համապատասխանում է իրականությանը` այնտեղ գտնվող կալանավորները ենթարկվում են միայն օրենքին:
Սակայն նախկին կալանավորները պնդում են, որ Պետրոսյանը չի հայտնում ողջ ճշմարտությունը, եւ, որ Շուշիի կալանավայրն իր դաժանությամբ չի տարբերվում մյուսներից:

Շուշիի բանտում 5 տարի անցկացրած Համոն, ով հրաժարվում է ասել իր ազգանունը, ասում է` «Շուշիի բանտում հանցագործին ոչ թե ուղղում են, այլ դարձնում ավելի ագրեսիվ ու ճնշված»:

40 տարին նոր բոլորած Համոն բանտում էր հայտնվել իր ծանոթներից մեկի վրա մահափորձ կատարելու պատճառով. «Էնտեղ կալանավորը պիտի ենթարկվի մլիցուն: Ես դեմ եմ դրան, քանի որ կա օրենք ու շատ հաճախ մլիցու ուզածն ու օրենքը չեն համապատասխանում իրար»:

Լեռնային Ղարաբաղի միակ բանտի կալանավորների փոխարեն դժգոհություններ են հայտնում Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենն ու նախկին կալանավորները:

«Բանտում իրոք կան խախտումներ», - ասում է Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Յուրի Հայրապետյանը:

Նա շեշտում է, որ թեպետ արդեն 6 ամիս ընդունված ոլորտը կարգավորող «Ձերբակալված անձանց եւ կալանավորված անձանց պահելու մասին» ԼՂ օրենքը պարտավորեցնում է կալանավորներին հեռախոսակապով ապահովել, այնուամենայնիվ, կալանավորների արտաքին աշխարհի հետ հեռախոսակապը բանտում բացակայում է:

Օրվա մեջ բանտ այցելած լրագրողը կարող է տեսնել, որ բակում կալանավորները տարբեր գործերով են զբաղված` մեկը թեյ է տանում, մյուսը` ավլում բակը, մեկ ուրիշը` հողամասը մշակում, մի քանիսն էլ փոքրիկ արվեստանոցում քանդակելով են զբաղված:

Մինչդեռ «Ձերբակալված անձանց եւ կալանավորված անձանց պահելու մասին» ԼՂ օրենքի համաձայն` արգելվում է կալանավորված անձանց ներգրավել չվարձատրվող աշխատանքներում` բացառությամբ սանիտարահիգիենիկ աշխատանքները:

Կալանավորների համար ապահովված են նաեւ այլ պայմաններ` գործում է համակարգչային սենյակ, որտեղ տեղադրված են փոշով ծածկված երկու համակարգիչ` հավանաբար չօգտագործվող, փոշու առատությամբ ու գրքերի սակավությամբ է աչքի ընկնում նաեւ գրադարանը:

Բանտի պետ Պետրոսյանն ասում է` կալանավորների հետ կարելի է զրուցել միայն իր աշխատասենյակում ու իր ներկայությամբ, ընդ որում` զրուցակցին ընտրում է հենց ինքը:
Հայաստանի Հրազդան քաղաքից 21-ամյա Ռաֆայել Թադեւոսյանը, ով ԼՂ-ում հանցագործություն է կատարել ու դատապարտվել հինգ տարի ազատազրկման, ասում է`կալանքը կրում է ԼՂ Շուշիի բանտում իր իսկ որոշմամբ:

Ռաֆայել Թադեւոսյանը, բանտի պետի ներկայությամբ, կարծես անգիր արած` արտասանում է. «Վարչակազմը ամեն ինչով օգնում է մեզ, եւ ես շատ շնորհակալ եմ»:

Միջամտելով զրույցին` Պետրոսյանը Թադեւոսյանին կարգադրում է.
«Պատմիր թե ձեզ ոնց են կերակրում, որ սոված չեք մնում »:
«Շաբաթվա վեց օր միս ենք ուտում, առաջին-երկրորդ, նախաճաշին մաննի կաշա, ձուկ, հաց, լավ ենք սնվում», - անմիջապես պատասխանում է Թադեւոսյանը: Գովասանքի խոսքեր են ասում նաեւ հաջորդ երկու կալանավորները:

«Նորից չենք գա այստեղ, բայց կարիքներս էստեղ ապահովում են. սափրվում եմ, լավ սնվում եմ, չեն նեղում ինձ»,- ասում են կալանավորներից մեկը, ով իր անուն-ազգանուն հայտնելը "կարեւոր" չհամարեց:

Ըստ օրենսդրության` կալանավորը պետք է սնվի օրական երեք անգամ` ԼՂ կառավարության որոշման համաձայն` յուրաքանչյուր կալանավորի օրական սննդի համար հասնում է 1000 դրամ` հաց, ձավարեղեն, մակարոնեղեն, հալած կարագ, շաքարավազ, բանջարեղեն, միս, ձուկ, թեյ, հյութ ապահովելու համար:

Բանտի կառավարիչները պնդում են, որ այս ամենով կալանավորներն ապահովվում են:
Ասում են նաեւ, որ բանտում կան այնպիսի մարդիկ, ովքեր տարիներ շարունակ գտնվելով այստեղ, այլեւս չեն կարողանում ապրել բանտից դուրս եւ նույնիսկ ազատության մեջ հայտնվելու դեպքում կրկին «վերադառնում են»` սովոր լինելով փակ ռեժիմին եւ չկարողանալով ինտեգրվել բանտից դուրս կյանքին:

Լուսինե Մուսայելյանը «Ազատություն» ռադիոկայանի լրագրող է Ստեփանակերտում եւ IWPR-ի «Համակովկասյան լրագրության ցանց» նախագծի անդամ:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: