Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արամ Ա
A A
Քաղաքականություն

Արամ Առաջինը մտահոգված է Միջին Արևելքում հայկական գաղութների ներկայիս իրավիճակով

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մտահոգություն է հայտնել Միջին Արևելքում հայկական գաղութների ներկայիս իրավիճակի վերաբերյալ՝ թեմերի առաջնորդներին հորդորելով հնարավորինս զերծ պահել հայերին  վտանգավոր իրադարձություններից և աջակցել նրանց։  Այս մասին նշվում է Cilicia TV-ի ՖԲ էջում։

«Վերջին օրերուն, Ամերիկայի Միացեալ Նահանգներու ու Իսրայէլի կողմէ Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ շղթայազերծուած պատերազմը փաստօրէն ներառեց ամբողջ Միջին Արեւելքը: Պատերազմը շրջանէն ներս յառաջացուց մահեր, քանդում, խուճապ, անորոշութիւն եւ ընկերային տագնապ: Բնականաբար, միջին արեւելեան երկիրներու մէջ հաստատուած հայ գաղութները եւս, առաւել կամ նուազ չափով, ենթակայ դարձան պատերազմին ստեղծած հետեւանքներուն:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը խոր մտահոգութեամբ կը հետեւի ստեղծուած վտանգալից կացութեան զարգացումներուն եւ մնայուն կապի մէջ է շրջանի երկիրներէն ներս կայք հաստատած մեր գաղութներուն հետ: Ցարդ Իրանի մեր թեմերուն հետ կարելի չեղաւ որեւէ ձեւով կապ հաստատել, նկատի ունենալով հաղորդակցութեան միջոցներու ընդհատումը:
Յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, Վեհափառ Հայրապետը իր խոր ցաւակցութիւնը կը յայտնէ բոլոր զոհերուն համար, եւ շուտափոյթ ապաքինում՝ վիրաւորներուն: Միաժամանակ Հայրապետը կոչ կ՚ուղղէ, որ դադրին պատերազմական գործողութիւնները բոլոր շրջաններէն ներս, եւ քաղաքական բանակցութեան ճամբով կարելի դառնայ հարցերուն արդար լուծում գտնել:
Նորին Սրբութիւնը կոչ կ՚ուղղէ մեր թեմերու պատասխանատուներուն՝ առաւելագոյն չափով հեռու պահելու մեր գաղութները անապահով կացութիւններէ եւ օգտակար դառնալու համայնքային կարիքներուն, միշտ կապի մէջ ըլլալով Անթիլիասի Մայրավանքին հետ: Ինչպէս միշտ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, Վեհափառ Հայրապետին գլխաւորութեամբ, պատրաստ է իր առաւելագոյնը կատարելու՝ աջակցելու թեմերու աշխատանքներուն եւ օժանդակելու անոնց կարիքներուն»,-ասվում է տեքստում։
 
Նշենք, որ այսօր՝ մարտի 3-ի երեկոյան Արամ Առաջինի նախագահությամբ Ազգային կենտրոնական վարչության արտակարգ նիստ է գումարվելու։