Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x81wh-1920x1118z-0.4094-800x466
A A
Պաշտոնական

Հստակեցվել են անելիքները. ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ մարտի 2-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։ Նախարարն ամփոփել է նախարարության աշխատակազմի
2025 թվականի գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Քննարկմանը մասնակցել են նաև ենթակա ծառայությունների ղեկավարները, որոնք ներկայացրել են իրենց հարցադրումները նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների հետ համագործակցության շրջանակում։

Խորհրդակցության առանցքում ինչպես 2025 թվականի գործունեության համապարփակ ամփոփումն էր՝ ձեռքբերումների արձանագրումից մինչև բացթողումների գույքագրում, այնպես էլ 2026 թվականի գործողությունների ծրագրով առաջնահերթությունների սահմանումն ու դրանց իրականացման գործուն մեխանիզմների հստակեցումը։

Ակնկալելով առավելագույն արդյունավետություն՝ Արփինե Սարգսյանը հանձնարարել է սահմանված ժամկետների խիստ պահպանմամբ ապահովել 2026 թվականի առաջին կիսամյակի ծրագրային թիրախների ամբողջական իրագործումը։ Նախանշվել են այն հստակ ուղղություններն ու նախագծերը, որոնք ընթացիկ տարում հանդիսանալու են բարեփոխումների առանցքը։

Անդրադարձ է կատարվել նաև նախարարության կառուցվածքային վերապրոֆիլավորմանը, որի կենսագործումը հնարավորություն կտա կենտրոնանալ քաղաքականության մշակման ու վերահսկողական գործառույթների վրա՝ զերծ մնալով կատարողական կրկնվող գործառույթներից և ապահովելով ռեսուրսների առավել արդյունավետ բաշխում։

Թվային տրանսֆորմացիայի համատեքստում նախարարը հանձնարարել է ամբողջացնել նախարարության թվայնացման քարտեզը՝ ներառելով ինչպես արդեն իսկ գործարկված, այնպես էլ հեռանկարային լուծումները։ Նախարարը հանձնարարել է ավարտին հասցնել նյութատեխնիկական բազայի արդիականացման և արհեստական բանականության գործիքների ներդրման գործընթացը, ինչը թույլ կտա ավտոմատացնել վերահսկողական մեխանիզմները և առանձին դեպքերով նվազագույնի հասցնել մարդկային սուբյեկտիվ գործոնը։

Արփինե Սարգսյանը կարևորել է ծառայողների մասնագիտական վերապատրաստման ծրագրերի արդիականացումն ու դրանց բովանդակային վերափոխումը, ինչը նպատակաուղղված է մասնագիտական ներուժի լիարժեք իրացմանն ու համակարգի գործառնական արդյունավետության բարձրացմանը։

Հանրությանը մատուցվող ծառայությունների որակի լավարկման ուղղությամբ տրվել են կոնկրետ հանձնարարականներ: