Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը դասվում է պատիժը կրելուն խոչընդոտողների շարքին. ՀՔԾ

Հասարակություն
Grigoryan-Manvel-472x265

Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով նշանակվել են առաջնային և միջգերատեսչական համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից: «Թե´առաջնային,  թե´ հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացություններով  Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը Կառավարության համապատասխան որոշմամբ դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին»,- ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարիա Օհանջանյանը:  Հանձնաժողովում ընդգրկվել են նաև պաշտպանության կողմի միջնորդած 3 փորձագետներ: «Ա1+»-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն ասաց, որ խնդիրը օրենսդրական բացի մեջ է: «Մենք կառավարության որոշում ունենք, որով պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկ կա,  բայց չկա կառավարության որոշում, որով  կալանավորելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկ լինի, այստեղ համապատասխանեցնելու անհրաժեշտություն կա»: Պաշտպանը հավելեց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կալանքի վերցնելու պահից մինչև հիմա վատացել է: «Կա բացասական դինամիկա և, եթե պետությունը չունի պայմաններ կալանավայրում ապահովելու առողջական վիճակը, որը  կալանավորը ներկայացրել է, հետևաբար  իրեն պետք է բաց թողնեն»: Ի դեպ, Մանվել Գրիգորյանի պաշտպանները մարտի 19-ին դիմել են դատարան, որպեսզի Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ արձակվի: Ըստ Արսեն Մկրտչյանի՝ գործն ընդունվել է վարույթ: