Բացել լրահոսը Փակել լրահոսը
_13A2190
A A
Պաշտոնական

Վարչապետը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ:

 

ԱՄՆ առևտրի պալատի փոխնախագահ Քուշ Չոքսը շնորհակալություն է հայտնել վարչապետին հյուրընկալվելու համար և նշել, որ պալատի անդամները ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներ: Նա հավելել է, որ հանդիպման նպատակն է ծանոթանալ տնտեսության ոլորտում Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, ներդրումային հնարավորություններին և բիզնես միջավայրին:

 

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ առևտրատնտեսական կապերին և նշել, որ նախորդ տարվա օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հետ հանդիպմանը ստորագրված փաստաթղթերի արդյունքում արդեն իսկ տեղի են ունեցել էական զարգացումներ: Երկրի ղեկավարը, մասնավորապես, հիշատակել է մեր երկրում արհեստական բանականության երկու խոշոր գործարանների հիմնումը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ երկկողմ կապերը տարբեր ուղղություններով կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել:

 

Վարչապետն իր խոսքում անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, դրա արդյունքում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ձևավորվող հնարավորություններին։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը խոսել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP նախագծի իրականացման մասին։

 

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաև Հայաստանում տնտեսության տարբեր ոլորտներում տեղի ունեցող զարգացումները, առկա հնարավորություններն ու բիզնես միջավայրի հետևողական բարելավման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներն ու ծրագրերը։

 

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է գործարարներին հետաքրքրող հարցերին։ Հանդիպման արդյունքներով ազդարարվել է Հայաստան-ԱՄՆ գործարար խորհրդի մեկնարկի մասին: