Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոկտեմբերի 27-ի բացահայտման հնարավորություն կա. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

Հասարակություն
vazgen

Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմն այսօր ծաղկառատ էր, Եռաբլուր պանթեոնում խնկի հոտ էր: Այսօր  Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Սպարապետը կդառնար 60 տարեկան: Առավոտից  Եռաբլուր էին այցելում Վազգեն Սարգսյանի  հարազատները, ընկերները, քաղաքական, հասարակական գործիչներ:  1999 թվականի հոկտեմբերի 27-ին, 40 տարեկանում նա սպանվեց խորհրդարանի շենք մուտք գործած զինված խմբի կողմից։ Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Վազգեն Սարգսյանն արժանացել է Հայաստանի և Արցախի բարձրագույն` ազգային հերոսի կոչման։ Եռաբլուր պանթեոն այցելած Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասում է, որ Վազգեն Սարգսյանի  մեջ պետք է տեսնել պետական, քաղաքական գործչի, լավագույն ընկերոջ, լավագույն զինվորականի կերպար. «Նրա ամենալավ հատկանիշներից մեկը դա այն էր, որ այնտեղ, որտեղ Վազգեն Սարգսյանը կար, միանգամից համախմբում էր բոլորին, այնտեղ, որտեղ ինքը կար՝ տրամադրություն էր ստեղծում, մթնոլորտ էր ստեղծում եւ ուղղորդում մեծ-մեծ աշխատանքի, ծառայության, առաքելության, հերոսությունների»,-մինչ արարողակարգը սկսվելը նշեց Սեյրան Օհանյանը: Սպարապետի ծննդյան օրվան նվիրված արարողությանը բացման խոսքով հանդես եկավ ԱԺ  Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Իր կերպարը շատ նուրբ հոգի ուներ եւ իրեն շատ մոտ ճանաչողները գիտեին եւ այդ հոգին էր, որ համախմբում էր արջի կերպար  ունեցող այդքան կերպարներին»,-լրագրողների հետ զրույցում նշեց Քոչարյանը: Անդրանիկ Քոչարյանի խոսքով, Հոկտեմբերի 27-ի բացահայտման հնարավորություն կա. «Բացահայտումը անհրաժեշտ է՝  մեր երկրի անվտանգության տեսանկյունից, այժմ, որեւէ խոչընդոտ, որեւէ գործի բացահայտման համար՝ չկա, պարզապես, կան առաջնահերթություններ՝ հերթով: Հայաստանը պետք է դառնա այնպիսի  երկիր՝ իր իշխանությամբ եւ հզորությամբ, որ երկրում տեղի ունեցած ցանկացած գործ պետք է բացահայտվի: Առավելեւս, ինչ վերաբերվում է մեր պետությանը՝ Մարտի մեկ, թե Հոկտեմբերի 27, մենք ունենալու ենք այդ բացահայտումները»,-ասաց Քոչարյանը: ԱԺ  Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաեւ վերջին շրջանում խաղաղության դիմաց Արցախի «հողերը հանձնելու» խոսակցություններին՝ հավելելով, որ այսօրվա իշխանությունները «հողերը հանձնելու» թեմա բացարձակ չունեն. «Ընդհակառակը՝ իրենք մեր երկիրը ամրապնդող գործընթացի մեջ են։ Ով միտինգներ է անում եւ հողերը հանձնելու մասին է խոսում, պետք է իրենցից հարցնեք, ով է իրենց այդպիսի բան ասել կամ որտեղից են լսել։ Ռոբերտ Քոչարյանն էլ էր երեկ խցից մտահոգված, բայց իր ժամանակ բանակցում էին փոխզիջումային տարբերակների մասին, ինքը, Սերժ Սարգսյանը, բայց նոր իշխանությունները առայժմ դեռ չեն սկսել բանակցությունները, հիմա պարզապես գնում է մեկը մյուսի ճանաչողական պրոցեսը: Իսկ փոխզիջում լինում է երկու կողմից, Ադրբեջանը դեռ իր զիջումների մասին որեւէ տող չի ասել, Հայաստանը ոնց կարող է իր զիջումների մասին որեւէ բան ասել»: