Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 1-ի գործի ապացույցները Սերժ Սարգսյանի օրոք են կոծկվել. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

Հասարակություն
levon-nkar

Հայ ազգային կոնգրեսը, ավանդույթի համաձայն, Մարտի 1-ի զոհերի հիշատակին  հարգանքի տուրք մատուցեց:  Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ՝ ՀԱԿ-ը այցելեց և ծաղիկներ խոնարհեց Տիգրան Խաչատրյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Գոռ Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի շիրմաքարերին: Լևոն Զուրաբյանը վերհիշելով 11 տարի առաջ տեղի ունեցածը նշեց. «Մենք բոլորս գնացել էինք պայքարելու մեր իրավունքների, ազատության, երկրի ժողովրդավարության, Սահմանադրության հաստատման համար, բայց այդ պայքարում մենք ունեցանք ծանր կորուստներ»:  Զուրաբյանը նշում է, որ այսօրվա իրավապահ մարմինները  Մարտի 1-ի գործի ամբողջովին բացահայտումը կիրականացնեն: «Վերջապես դադարեցվել է իրավապահ մարմինների կողմից այս հանցագործությունների պարտակումը և կոծկումը: Շատ դժվար է պատկերացնել, որ գործը ամբողջությամբ բացահայտված է, ըստ երևույթին դատարան ուղարկված են այն գործերը, որտեղ արդեն ամեն ինչ պարզ է, ապացույցները ձեռք են բերված, բայց վստահաբար շատ փաստեր դեռ կարիք ունեն ավելի լուրջ ուսումնասիրության»: Ըստ Զուրաբյանի՝ բացի Ռոբերտ Քոչարյանից, նաև պատասխանատու է Սերժ Սարգսյանը, քանի որ հենց նրա օրոք են կոծկվել բոլոր ապացույցները: Ինչ վերաբերում է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, որին նույնպես մեղադրանք է առաջադրվել, ապա Լևոն Զուրաբյանը կարծում է, որ նրա մեղքը  ապացուցված է տեսանյութերով, որոնք ցուցադրվել են 2008-ի մարտի 2-ին: «Ուղիղ եթերում նա խախտում է Սահմանադրական կարգը՝ ասելով, որ բանակը թույլ չի տա մարդկանց հավաքվել»:  Լսելով այսօր Նիկոլ Փաշինյանի ուղերձը Մարտի 1-ի կապակցությամբ, Լևոն Զուրաբյանը նշեց, որ վաղուց էր սպասվում, որպեսզի պետության անունից որևէ ղեկավար ներողություն խնդրի Մարտի 1-ի զոհերից: «Սա ամենամեծ վկայությունն է նրա, որ մենք գնում ենք դեպի արդարադատություն և որ տղերքի ինքնազոհությունը իմաստազուրկ չէր, հակառակը՝ ծառայեց  բոլորիս ազատության հաստատմանը»: Դերասան Հովհաննես Ազոյանը նույնպես ՀԱԿ անդամների հետ այցելեց զոհվածների շիրմաքարերին: Ըստ նրա՝ այսօր գործի բացահայտումը դեռ աբմողջովին չի իրականացվում: Վստահ է, եթե դատական համակարգը անկախ լինի, գործի ամբողջովին բացահայտումը կլինի: Հարցին, թե դատական համակարգը հիմա անկախ չէ՞, Ազոյանը կարճ պատասխանեց. «Կարծում եմ՝ պրոցեսի մեջ է»: Համարում է, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելը ճիշտ որոշում է, քանի որ նա է եղել այն ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարը: «Երկու տարբերակ կա, կա՛մ ամենավերևից պետք է սկսես կալանավորել, կա՛մ ներքևից վերև, ճանապարհներից մեկը սա է»: