Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանակի հզորացումը կապվում է գլխաքանակի հետ»

Քաղաքականություն
papyan-alaverdyan

Արդեն 5-րդ օրն է՝ Երևանի ուսանողները դուրս են եկել փողոց՝ ընդվզելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  օրենքի նախագծով տարկետման իրավունքի սահմանափակման դեմ։ Բուռն քննարկումների առիթ դարձած օրենքի մասին այսօր խոսեցին քաղաքագետ Արա Պապյանն ու «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, դասախոս Լարիսա Ալավերդյանը։ Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ դասադուլ անող ուսանողներին փողոց է բերել վախը, նրանք ուղղակի վախենում են ծառայել։  Հայաստանում կա շերտ, որի համար երկրի պաշտպանությունն իր գործը չէ։ «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը տարիներ շարունակ կարողացել է անարդարության տարբեր գործիքներ կիրառելով՝ իրենց երեխաների համար տեղեր ապահովել մագիստրոսական, ասպիրանտական ծրագրերում՝ հենց այդկերպ օգնելով նրանց խուսափել ծառայությունից», - նշում է Լարիսա Ալավերդյանը։ Արա Պապյանը մտահոգություն ունի, որ այն խնդիրները, որոնք իր առաջ դրել է մեր երկրի իշխանությունը այս օրենքի կիրառման արդյունքում, չի կարողանալու հասնել։  Օրենքով նախատեսված արդարության վերականգնման համար կատարվող քայլերը ստեղծելու են նոր զարտուղի ճանապարհներ՝ ծառայությունից խուսափելու համար։ «Սկսված գործընթացն արդեն իսկ խթանում է արտագաղթին, որը մտահոգվելու լուրջ առիթ է։ Պատանիների ծնողները, վախենալով իրենց երեխաների ապագայի համար,արդեն նրանց տանում են երկրից», -նշում է Պապյանը։ Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ օրենքը մարտահրավեր չի նետում զարգացող գիտությանը, որովհետև ուղեղներ չի գողանում, այսպես թե այնպես փայլուն երիտասարդ գիտնականներ չկան մեր Բուհերում։ Այս պնդման հետ մասամբ համաձայնում է նաև մյուս բանախոսը՝ եթե ուսանողն ուզում է սովորել, անպայման կսովորի, նույնիսկ բանակում ծառայելուց հետո. «Բայց ցավոք, բանակի հզորացումը չի կապվում նոր տեխնոլոգիաների ներմուծման հետ, այլ գլխաքանակի ավելացման, որն ինքն իրենով վտանգ է ներկայացնում»։ Բանախոսները մի հարցում համակարծիք են՝ պետական պաշտոն ստանձնելու համար պարտադիր պայման պետք է լինի զինվորական ծառայությունը։