Գալուստ Սահակյանն ակնարկեց՝ կուզեր Սերժ Սարգսյանը կառավարի երկիրը (տեսանյութ)
Գալուստ Սահակյանը գիտի, թե ովքեր են սեպ խրում վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ. «Իրենք կամաց կամաց ի հայտ կգան»: Ի՞նչ հարց են ուզում լուծել Սեպ խրողները: Խորհրդարանի նախկին ղեկավարը հակված չէ ասել. «Ես հարցազրույցի տոգորված չեմ էսպես պատասխանելու»,- ասում է ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը: Ըստ հանրապետական պատգամավորի, կուսակցությունը դեռ պետք է որոշի, թե 2018-ի ապրիլից հետո ով է լինելու Հայաստանի վարչապետ, բայց ոչ այս պահին. «Ես բարձր եմ գնահատում Կարեն Կարապետյանին, բարձր եմ գնահատում իմ թիմի բոլոր ընկերներին, բայց որպեսզի պետությունը հնարավորինս առաջ զարգանա, կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը պետք է ամբողջովին նվիրվի պետության հետագա կառավարման ձեւին»: Էդուարդ Շարմազանովը նույնպես այն մարդկանցից է, որոնք գիտեն, թե որ ուժերն են փորձում սեպ խրել վարչապետի եւ Սերժ Սարգսյանի միջեւ «Դուք էլ գիտեք, որ մենք գիտենք, իրանք էլ գիտեն, որ մենք գիտենք, մենք էլ գիտենք, որ դուք էլ գիտեք»,- ասում է ԱԺ փոխնախագահը: Բայց ո՞րն է այդ ուժերի նպատակը, որոնք փորձում են սեպ խրել: Պարոն Շարմազանովն ավելին չի ասի, Հանրապետականի պատմությունը հարուստ է սեպ խրողների մասին պատմություններով. «Մեր ներսը առողջ է»: 2018-ի ապրիլից հետո Սերժ Սարգսյանի ապագայի մասին Հանրապետականի խոսնակն այսօր չի խոսի, ինչպես բոլոր հանրապետականները «Պարոն նախագահը եւ նաեւ Հանրապետականներս ամեն ինչի մասին խոսում ենք ժամանակին եւ ոչ թե ժամանակավրեպ»: