Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. 17 օր առաջ. ՀՀԿ-ն վստահեցնում է, որ ապագա Երեւանում երիտասարդներն օգնելու են ծերերին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
YNTRAKAN-ORACUYC

2009-ի հերթական քարոզչահոլովակում Հանրապետականը վստահեցնում է, որ ապագա Երեւանում երիտասարդներն օգնելու են ծերերին բարձրանալ տրանսպորտ եւ ավարտելու է կիսատ թողած բոլոր գործերը։ Հայ Ազգային Կոնգրեսն իր քարոզչահոլովակներում երեւանցիներին շարունակում է զգուշացնել Հանրապետական աղետից: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ ոչ մի լավ բան չի կարելի սպասել գործող իշխանությունից. «Այո, կարող է քաղաքապետերից մեկը մի քիչ ավելի ծառ տնկի, մի քիչ ավելի ասֆալտ փռի: Ժակ Շիրակը եղել է Փարիզի երկարատեւ տասնյակ տարիներ քաղաքապետը: Ոչ մի ծառ չի տնկել: Նա ղեկավարել է համակարգը, նա իրականացրել է քաղաքի կենսագործունեության եւ զարգացման հրաշալի ծրագիր, որից հետո արժանացել է իր երկրի նախագահի պաշտոնին»: «Բարգավաճ Հայաստանի» քարոզչական հիմնական ասելիքը շարունակում է ձեւակերպել կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա հիշեցնում է, որ քաղաքապետի իրենց թեկնածուն Հարություն Քուշկյանն է, եւ իրենց նպատակն արդար է. «Մենք պետք է վերականգնենք այն, ինչ-որ մի քիչ մոռացել ենք, մենք վերականգնենք իսկական երեւանցու կերպարը: Մենք պարտավոր ենք մասնակից լինելու մեր Երեւանի կայացման, զարգացման գործում»: Քարոզարշավի 7-րդ օրը Երեւանում տեղի է ունենում արտադրական աղետ՝ պայթում է «Նաիրիտ» գործարանի քլորոպրենային արտադրամասի աշտարակներից մեկը. «Ուժեղ գմփոց եղավ, երկրաշարժի նման: Ու կրակ եղավ, տվեց մարշրուտնիների ապակիները կոտրեց, ուսումնարանի ապակիները կոտրեց»: Պայթյունի վայրում կան աշխատակիցներ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է 4 զոհի մասին: 2013-ի ավագանու ընտրությունների Հանրապետականի քարոզչահոլովակները հիմնականում օրհնությունների եւ սիրո խոստովանությունների շքերթ է: Քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը հասցնում է միայն շնորհակալ լինել։ Նորք Մարաշում արդեն քարոզչահոլովակից դուրս օրհնություն ու սիրո խոստովանություն չկա, տեղացիները խոսում են խնդիրներից. «Սեւանը պայթում ա ջրով, 90 տոկոսով Հայաստանը ջուր ա, բայց մարաշում ծառերը չորանում ա»: Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը կասկածում է, որ Հանրապետականին կհաջողվի ավագանու ընտրություններում կեղծիքներ իրականացնել այնպես, ինչպես դա արեցին երկու ամիս առաջ նախագահի ընտրություններին։ Ընդդիմության դիրքերից հանդես եկող Գագիկ Ծառուկյանի ճակատագիրը մտահոգել է Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանին: Նրա տպավորությամբ Ծառուկյանը քաղաքականության մեջ է մտել իր ֆինանսները փրկելու համար, այդ իմաստով նրան կարող է օգնել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Վարդան Օսկանյանը Շենգավիթ համայնքում խոստանում է լավացնել մարդկանց կյանքը: Վարդան Օսկանյանը հիշեցնում է, որ սկզբի համար քաղաքը պետք է ազատվի կառավարման քաղաքական մենաշնորհից Օրինաց երկիրը 2013-ի ավագանու ընտրություններին քվե ստանալու դեպքում ընտրողներին խոստանում է կանաչ ճարտարապետություն, երեխաների համար՝ խաղահրապարակներ, իսկ երեւանցիներին՝ մաքուր օդ: Տարոն Մարգարյանի այս օրվա քարոզչահոլովակը զեկուցում է քաղաքապետի պաշտոնում նրա կատարած աշխատանքների մասին: Առջեւում ծրագրերն են։ Հանրապետականը քարոզարշավի այս օրը հրավիրում է գործադիր մարմնի եւ խորհրդի նիստեր, որոնք նախագահում էր Սերժ Սարգսյանը: Երկու նիստերում վարչապետի թեկնածու է երաշխավորվում Տիգրան Սարգսյանը, որը նույն օրը նշանակվում է Հայաստանի վարչապետ: