Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միասնական կայք՝ պետական մարմիններից տեղեկատվություն ստանալու համար (տեսանյութ)

Հասարակություն
qrmoyan

«Տեղեկատվության ազատության մասին օրենքում» սպասվում են փոփոխություններ։ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի խոսքերով, օրենքը տարածվում է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական , համայնքային հիմնարկների, պետական բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների վրա. «Բոլոր այն կառույցները, որ ֆինանսավորում են ստանում պետական բյուջեից պետք է ապահովեն տեղեկատվության ազատությունը եւ իրենց գործունեության թափանցիկությունը»։ Նոր նախագծով, հստակեցվում է գրավոր եւ բանավոր հարցումներին ներկայացվող պահանջները։ Օրենքը որպես հիմնական գործիք դիտարկում է գրավոր հարցումը։ Սակայն հստակեցված է նաեւ, թե որ դեպքում հարցումը կարող է լինել բանավոր»։ Ս. Քրմոյանի տեղեկացմամբ, նախատեսվում է ներդնել առցանց հանրային տեղեկատվական հարթակ։ «Հաճախ քաղաքացիները  չգիտեն, թե իրենց հետաքրքրող հարցը, որ մարմնին ուղղեն։ Փոփոխված օրինագծով նախատեսվում է ստեղծել մեկ միասնական կայք՝ առցանց ցանկացած պետական մարմնից տեղեկատվություն ստանալու համար։ Այդ հարթակի միջոցով քաղաքացին կարող է հարցում ուղարկել եւ օպերատորը կորոշի, թե որ մարմնին է վերաբերում դիմումը»։ Նախարարի տեղակալի խոսքերով, մինչեւ 10 էջ տեղեկատվությունը քաղաքացին կարող է ստանալ անվճար, իսկ 10 էջից ավելի ինֆորմացիայի դեպքում քաղաքացին պետք է վճարի տեղեկատվության վերարտադրության համար անհրաժեշտ ծախսերը միայն։ Նա տեղեկացրեց, որ նախագիծն արդեն ներկայացված է կառավարութուն, սակայն առաջիկայում նախագծի շուրջ հանրային քննարկումներ կլինեն։