ՄԻԵԴ-ը «Սասնա ծռեր»-ի անդամի հարցով վերջնաժամկետ է տվել (տեսանյութ)
ՄԻԵԴ-ը վերջնաժամկետ է տվել Հայաստանի Կառավարությանը: Մինչեւ ապրիլի 18-ը Կառավարությունը պետք է պատասխանի Եվրոպական դատարանին՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջության վերաբերյալ առաջադրված հարցերին: «Մինչեւ ապրիլի 18-ը պետք է իրականացվեն բոլոր բժշկական հետազոտությունները եւ տեղեկություններ տրամադրվեն ՄԻԵԴ-ին»,- «Ա1+»-ին ասաց Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը: ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից պահանջել է ձեւավորել նաեւ բժշկական հանձնաժողով։ Եվրադատարանի նամակից հետո՝ մարտի 23-ին, Հովհաննես Հարությունյանին տեղափոխել են Քաղաքացիական հիվանդանոց՝ Վնասվածքաբանության կենտրոն «ՄԻԵԴ որոշումների հիման վրա է, որ ուղեգիրն այդպես արագ պատրաստվեց: Քանի որ Եվրոպական դատարանը պահանջել է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց եւ բուժել»,-ավելացրեց Հայարփի Սարգսյանը: Պաշտպանը, սակայն, նշում է, որ պահանջն ամբողջությամբ չի կատարվում. «Քանի որ ոսկրային ինֆեկցիայի հետազոտման համար միակ կենտրոնը վնասվածքաբանական կենտրոնն է, այդ իսկ պատճառով նրան տեղափոխել են այնտեղ: Միայն այդ հետազոտությունն են իրականացնելու»: Իսկ թե որտեղ կստանա իր հետագա բուժումը Հովհաննես Հարությունյանը, դեռ պարզ չէ: Հուլիսի 26-ին ՊՊԾ տարածքում գտնվելու ժամանակ Հովհաննես Հարությունյանը հրազենային վիրավորում էր ստացել եւ նրա ոտքում դեռ բեկորի 18 մասնիկ է մնացել: