Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անալիտիկ»-ի տնօրենին  նոր մեղադրանք է առաջադրվել

Հասարակություն
ani-hovhannisyann-1

«Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերի  շորթում կատարելու հոդվածով: «Այս առումով չկա որեւիցե ապացույց , որ նման գործողություն է կատարվել»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Նրա խոսքերով՝ միաժամանակ Անի Հովհաննիսյանի մեղադրանքից հանվել է նախնական համաձայնությամբ, խմբով,  Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից  առանձնապես խոշոր չափի շորթում  կատարելու հոդվածը: Մեղմացվել է մինչ այդ Անի Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթումը, որը  նախատեսում է 3-7 տարվա ազատազրկում: Ներկայումս նա մեղադրվում է ՔՕ 182-ի 1-ին մասով՝ շորթում հոդվածով: Հիշեցնենք, որ  ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը  հաղորդում է տվել այն մասին, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ: Իսկ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում քննվում էր պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի բողոքը՝  «Անալիտիկ» կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության հարցը: Վերաքննիչ դատարանը  իր որոշումը կհրապարակի վաղը: