Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բլոգոլորտում ոչ բոլորին են գրկաբաց ընդունում

Հասարակություն
բլոգեր-Սյունե-Սևադա

Սյունեն և Ջեմման ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներ են. ապագա լրագրողներն իրենց կյանքն առանց բլոգի չեն պատկերացնում: Սյունե Սևադան 15 տարեկանում առաջին անգամ տեղադրեց իր հոդվածը «Ամեն ինչ ոչնչի մասին» բլոգում, և արդեն 6 տարի է՝  իր մտքերով, առօրյա կյանքի դրվագներով և պատմվածքներով է կիսվում համացանցի այլ օգտատերերի հետ: Սկիզբը, սակայն, այնքան էլ հեշտ չէր, Սյունեն հիշում է, որ բլոգոլորտում իրեն գրկաբաց չեն ընդունել: «Բլոգ բացելու որոշումը պատահաբար ծնվեց: Ընկերուհուս քույրիկն իր բլոգն էր ստեղծել, որտեղ իր առօրյայի մասին էր գրում: Տեսա, գաղափարը հավանեցի, փորփրեցի ու փորձեցի հասկանալ՝ ինչ է բլոգինգը, ի վերջո որոշեցի ինքս բլոգ բացել: Սկզբնական շրջանում չհասկացվելու մտավախություն կար՝ հատկապես, որ տարիքի պատճառով հայկական բլոգոսֆերայում  այդքան էլ ուրախ չէին ինձ տեսնելու համար»,- ասում է Սյունեն: Այսօր բլոգերն ինքն է նշում, որ «Ամեն ինչ ոչնչի մասին» բլոգն ունի իր հավատարիմ ընթերցողների բանակը, ովքեր ամեն օր սպասում են Սյունեի նոր հոդվածներին: «Ընթերցողներս սովորաբար իրենք են ինձ գտնում ու հետևում: Իմ գործն էլ իրենց հնարավորինս որակյալ տեքստեր ու գրական գործեր մատուցելն է: Յուրաքանչյուրին սիրում ու գնահատում եմ ու իսկապես կարևորում, որովհետև նաև իրենք են ինձ լավ իմաստով պարտավորեցնում գրել ու անընդհատ զարգացնել գրիչս»,- նշում է բլոգերը: Իսկ «Պուճուր բլոգ»-ում օգտատերերի հետ իր մտքերով կիսվող Ջեմմա Նուրիջանյանն անգամ իր բլոգի միջոցով հասցրել է ծանոթանալ և ընկերանալ իր ընթերցողների հետ: Ջեմման բլոգում իր առաջին քայլերն արել է շուրջ երեք տարի առաջ, իսկ այսօր արդեն օրական 300-400 ընթերցող ունի: «Բլոգս բացելիս երբեք չէի պատկերացնի, որ մի օր այսքան շատ ընթերցողներ կունենամ: Գրում էի ու տեղադրում միայն ինձ համար, իսկ հետո, երբ սկսեցի տարածել, էլի չէի հավատում, որ ինձ մի օր այդքան կկարդան»,- ասում է Ջեմման: բլոգեր Ջեմմա Նուրիջանյան Ջեմմայի հոդվածներն իր կյանքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում: Յուրաքանչյուր հոդվածի հիմքում իրական փաստեր են, սակայն լինում են նաև դեպքեր, երբ հոդվածը չի կարողանում իր ավարտին հասցնել. «Անավարտ հոդվածներ շատ կան, որոնք ես ամիսներ շարունակ չեմ կարողանում ավարտել, հենց այդ պահն անցնում է, այլևս գրել չի ստացվում: Ամեն ինչ պետք է անել ժամանակին»: